Էկոարդյունավետ ապագա ունենալու համար Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համատեղ միավորել են ջանքերն ու «կանաչ» արշավ նախաձեռնել: «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում իրագործվող 14-օրյա արշավի մարտահրավերները բոլոր նրանց համար են, ովքեր կարևորում են միջավայրը, որտեղ ապրում են:
52 խոշորացված համայնքում իրականացվող ծրագրի շրջանակում 12-18 տարեկան երիտասարդները՝ ընտրելով տարբեր հիմնախնդիրներ ու այդ մասին բարձրաձայնելով տարբեր սոցիալական հարթակներում,՛ դարձել են յուրատեսակ «դեսպաններ»՝ էկոհարցերի իրազեկումը բարձրացնելու տեսանկյունից: Ծրագրի նպատակն է, որ երիտասարդները տեղեկություն ստանան կլիմայի փոփոխության, թափոնների վերամշակման մասին ու որպես արդյունք՝ փոխեն իրենց վարքը բնության հետ հարաբերվելիս:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տվյալով, 2019-ին Հայաստանում 590,000 տոննա աղբ է թափվել, որից 310,000 տոննան՝ միայն Երևանում։
Թափոնների տեսակավորման մշակույթի զարգացմանը զուգահեռ՝ Հայաստանում տարածում է ստանում պլաստիկի, ապակու և թղթի վերամշակումը: Մասնագետների գնահատմամբ՝ թափոնների պատշաճ կառավարումն ունի բազմաթիվ օգուտներ՝ տնտեսական, առողջապահական և բնապահպանական: Շրջակա միջավայրի աղտոտումը դադարեցնելու համար փորձագետները հորդորում են աստիճանաբար բացառել վտանգավոր նյութեր պարունակող այն ապրանքների կիրառումը, որոնց արտադրության համար օգտագործվում է մեծ քանակությամբ էներգիա կամ ջուր, և ներդնել ավելի արդյունավետ մեթոդներ:
«Կանաչ» ծրագրի ղեկավարն ասում է՝ թեպետ էկոարշավը տևում է երկու շաբաթ, շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները մշտապես ուշադրության կարիք ունեն: Վստահ է՝ փոքր քայլերը մեծ ազդեցություն են ունենալու մեր միջավայրի ու ապագայի վրա: