ՎՐԱՍՏԱՆԸ, ՈՒԿՐԱԻՆԱՆ, ՄՈԼԴՈՎԱՆ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՒՄ ՈՒՆԵՆ
Բաթումում կայացած խորհրդաժողովում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարները ստորագրել են համատեղ հուշագիր, որով հաստատել են ԵՄ-ին անդամակցելու իրենց ձգտումը: Փաստաթղթի համաձայն` եվրոպական ընտանիքի մաս դառնալու հեռանկարը հանրապետություններին տալիս է հզոր խթան` ավելի խոր բարեփոխումներ իրականացնելու համար:
ԵՄ-ում եռյակի ազդանշանը ընդունել են խանդավառությամբ: Բաթում ժամանած Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը նախանշել է հետագա համագործակցության հեռանկարները, բայց չի մանրամասնել ԵՄ-ին անդամակցության հարցը:
«Եվրամիությունը կմնա ուժեղ և հուսալի գործընկեր ձեր տարածաշրջանի համար»,- շեշտել է Միշելը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ ԱՄՆ-ԻՆ
Թուրքիան պատրաստ է ստանձնելու Քաբուլի օդանավակայանի կառավարումն այն պայմանով, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ օկուպացված Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ժամանակ: Էրդողանը նշել է, որ Աֆղանստանում ու տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվում: Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի կողքին Թուրքիան է:
«Այս պահին ԱՄՆ-ը որոշել է դուրս բերել իր զորքերն Աֆղանստանից: Նրանք ցանկանում են, որ Քաբուլի օդանավակայանը շարունակի գործել: Մենք դրական ենք վերաբերվում դրան և, իհարկե, որոշ պայմաններ ունենք ԱՄՆ-ին ինչպես դիվանագիտական հարաբերություններում, այնպես էլ լոգիստիկայի հարցերի հետ կապված»,- նշել է Թուրքիայի ղեկավարը և հավելել՝ եթե մեզ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվի, ապա մենք կմտածենք Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու հարցի մասին:
ՊԱՅԹՅՈՒՆ ԲԱՂԴԱԴԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Բաղդադի շուկաներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով նախնական տվյալով՝ 35 զոհ և 60 վիրավոր կան: Տուժածների թվում են կանայք և երեխաներ: Իրաքի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ մահապարտ ահաբեկիչը կիրառել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Օրվա ընտրությունը պատահական չի եղել. ահաբեկչությունը կատարվել է մահմեդականների կարևոր կրոնական տոներից մեկի՝ Զոհաբերության տոնի նախօրեին, երբ շուկաներն ու խանութները լեփ-լեցուն են: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Այս տարի սա արդեն երրորդ պայթյունն էր՝ Բաղդադի խիտ բնակեցված թաղամասերից մեկում: