Անցած դարի 60-ականներին խորհրդային իշխանությունը բարձրլեռնային գյուղերի բնակիչներին հարթավայրեր տեղափոխելու ծրագիր իրականացրեց: Այն ժամանակ Դըղեր, այժմ՝ Տեղեր գյուղը ևս տեղահանվեց: Տների դռները կողպված մնացին մինչև 80-ականների վերջը: Գյուղը վերակենդանացնելու համարձակ քայլ անողներից էր Պարսամյան ընտանիքը: Հիմա արդեն ուրիշներն էլ կան:
Երբ հայրական խարխլված տան վերակառուցման առաջին քարն էր դնում, չէր էլ պատկերացնում՝ երևակայությունն ինչ թռիչքներ է ունենալու: Գեղեցիկ բնությունը, մաքուր օդն ու ջուրը կային, ինքն էլ՝ բազմաշնորհ վարպետ: Մոռացված բնակավայրի կյանքն աշխուժացնելու համար գյուղական տուրիզմ զարգացնելու ծրագիր սկսեց:
Հայրական տան երբեմնի լքված տարածքում հեքիաթային այգի հիմնեց, հարկաբաժիններ առանձնացրեց, կահավորեց հնաոճ իրերով ու խեցեղենով: Իսկ այգում տնակներ կառուցեց, կարելի է ասել՝ ծառերից կախված: Ասում է՝ դա այն է, ինչ ուզում է բնության մեջ հանգստանալ ցանկացողը:
Ալբերտ Պարսամյան - Իրենց գրավում է այս ազատությունը, չեն հոգնում, որովհետև մարմարից ու գրանիտից սարքած չի, չի հոգնացնում, շատերը հնաոճի մեջ են իրենց ազատ զգում:
Սկզբում հովեկի պես եկել-գնացել են, բայց երկու տարի է՝ ձմռանն էլ են այստեղ մնում:
Ծրագիր ունեն նաև ձմեռային տուրիզմի համար, բայց մանրամասներ դեռ չեն հրապարակում: Իսկ հիմա, երբ COVID-ից հետո այցելուների հոսք է սկսվել, պետք է նրանցով զբաղվել: Տեղերի աշխարհագրական դիրքը, վեհաշուք եկեղեցին ու բնությունը անտարբեր չեն թողնում հյուրերին:
Ալբերտ Պարսամյան - Էնքան լավ են զգում, որ ուզում են հողակտոր առնել այստեղ, ապրեն, զարգացնեն:
Զբոսաշրջիկներն իրենք կարող են կերակուր պատրաստել՝ եթե ցանկանան: Բայց, սովորաբար, նախընտրում են հյուրատան ճաշացանկը, որում գերակայում են հայկական ուտեստները:
Ալվարդ Պարսամյան - Ունեցել ենք Չինաստանից հյուրեր, թուղթ ու գրիչը ձեռքներին բաղադրատոմսն էին խնդրում, սիրով ենք անում: Մսամթերքն ու կաթնամթերքը Ալբերտը գնում է այլ համայնքներից: Բայց, ասում է՝ դրանք կարող էին նաև այստեղ արտադրել, եթե գյուղոլորտի փորձառուները, որոնք դժգոհում են աշխատանք չունենալուց, գան Տեղեր, զբաղվեն անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ: Ե՛վ բարիք կստեղծեն, և՛ էլ ավելի կակտիվացնեն գյուղի անցուդարձը:
Ալբերտ Պարսամյան - Ես ընդամենն անում եմ, իրենք էլ պետք է անեն, եթե ամենքս մեր գործը ճիշտ անենք, բոլորս աշխատանք կունենանք: Ներքևից եմ գնում, բայց կարելի էր այստեղ ունենալ ու տեղում գնել: Աշխատել է պետք, հայրենիքը սիրել է պետք:
Այստեղ նաև բրուտագործության ու գորգագործության վարպետաց դասեր են լինում: Միայն թե վառարան չունեն, որ կավե իրերը թրծեն: Դա էլ, ասում է Ալբերտը՝ ժամանակի հարց է, ճիշտ այնպես, ինչպես արհեստների դպրոց հիմնելու ծրագիրը:
Ալբերտ Պարսամյան - Պետք է գյուղը լիովին վերականգնվի, դպրոց ունենանք ու մյուս ծրագրերը շարունակենք:
Եղբորից ժառանգած բրուտագործի արհեստը Ալբերտը հաճույքով փոխանցում է հյուրատան այցելուներին: Կավի հետ աշխատանքը հանգստացնում է նյարդերը, դուրս է բերում սթրեսից: