Դատարանն այսօր սկսեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գործի քննությունը: 44-օրյա պատերազմից հետո ձևավորված ու վրանային պայքարով իշխանության հրաժարականը պահանջող շարժման առաջնորդներից Մանուկյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն ու սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար: Մինչև նիստն սկսվելը՝ ընդդիմադիր գործիչը հայտարարեց՝ դատարան է եկել, որ հասկանա, թե ինչում են իրեն մեղադրում:
Վազգեն Մանուկյան, «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ - Իրավաբաններն իրավական տեսնակյունից կնայեն, ես հարցերին նայում եմ միայն քաղաքական տեսակետից, իրավաբանությունն իմ մասնագիտությունը չէ:
«Ցանկացած պահի, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»: Մեղադրանքի հիմքում Մանուկյանի այս հայտարարությունն է դրված: 75-ամյա ընդդիմադիր գործչից այսօր փորձեցինք ճշտել, թե ի՞նչ է նկատի ունեցել, երբ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ ասել է՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:
Վազգեն Մանուկյան - Ես այդ հարցին դատարանում էլ չեմ պատասխանելու: Ցանկացած խոսք, որ աել եմ, տեր եմ իմ խոսքին, ես հետ չեմ կանգնում այդ խոսքից, բայց ինձ պետք չէ բացատրել դատարանում, թե ես ինչ ի նկատի ունեմ, դուք հիմա դատավորի դե՞ր եք կատարում:
«Հայրենիքի փրկության շարժման»՝ անցումային կառավարության վարչապետի թեկնածու հռչակված Մանուկյանը մեղադրանքը չի ընդունում, դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում և դեռ նախաքննության փուլում է հրաժարվել ցուցմունք տալ: Մինչդեռ, ըստ քրեական գործի, Մանուկյանն այդպիսի կոչեր արել է նաև փետրվարի 12-ին՝ իր ելույթներում հայտարարելով՝ «Պետք է փչացնել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը և բարձրաստիճան ոստիկաններին, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հենարանն են»: Փետրվարի 26-ին էլ՝ Բաղրամյան պողոտայում, անդրադառնալով Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու վարչապետի առաջարկին, ասել էր՝ «Բանակը հեշտությամբ կենթարկվի՞, որ իր ղեկավարին հանում են, ոչ, բանակը կընդվզի: Ես կոչ եմ անում, որ ընդվզի»:
Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունն է, ու նրա պաշտպանն այսօր միջնորդեց վերացնել այն: Արամ Վարդևանյանի պնդմամբ՝ խափանման միջոցն ընտրվել է բացառապես ենթադրությունների հիման վրա, որոնք, միգուցե, ընդունելի էին նախաքննության փուլում, բայց այս ամիսներին Մանուկյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ:
Արամ Վարդևանյան, Վազգեն Մանուկյանի պաշտպան - Գտնում ենք, որ նման ռիսկեր առկա չեն ու, առհասարակ, չկա անհրաժետություն՝ տվյալ դեպքում խափանման միջոցի:
Գործը հսկող դատախազն առարկեց պաշտպանների միջնորդությանը՝ պնդելով՝ անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելը չի կարող հիմք հանդիսանալ խափանման միջոցը վերացնելու համար: Մեղադրողի գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմնի պահանջով չներկայանալու, ինչպես նաև գործի քննությանը խոչընդոտելու, նոր հանցանք կատարելու հիմքերը, որոնք հաշվի են առնվել, դեռ առկա են:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ու երկու ժամ անց հրապարակեց որոշումը: Պաշտպանների միջնոդրությունը մերժվեց, խափանման միջոցը մնաց ուժի մեջ: Հաջորդ դատական նիստը սեպտեմբերի 22-ին է: