Պետական վերահսկողական ծառայությունը Սյունիքի չորս համայնքում արված ուսումնասիրությամբ հայտնաբերել է խախտումներ: Մեղրիում, Գորիսում, Կապանում և Սիսիանում ուսումնասիրությունը ներառել է հիմնականում վերջին 5 տարվա գործունեությունը, ուշադրություն է դարձվել հատկապես պետական միջոցների հաշվին իրականացված տարբեր ծրագրերի կատարման ընթացքին, այսինքն՝ ստուգվել է պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի կատարման արդյունավետությունը:
Տիգրան Ուլիխանյան (ՊՎԾ պետ) - Բոլոր համայնքներում նույն խնդիրն է արձանագրվել, հայտնաբերվել են թերակատարումներ, կամ միջոցներն ամբողջությամբ չեն ծախսվել, կամ ծախսվել են, բայց աշխատանքն այն չէ, ինչ պայմանավորվել ենք ստանալ:
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի խոսքով՝ խախտումների վերաբերյալ կազմվել է համապատասխան տեղեկանք և ուղարկվել իրավապահ մարմիններին: Դրանց մի մասը քրեական գործ հարուցելու հիմք է հանդիսացել: Թե կոնկրետ որ համայնքում ինչ խախտում է հայտնաբերվել՝ Տիգրան Ուլիխանյանը մանրամասնել չցանկացավ, շեշտեց՝ խնդիրը համակարգային է՝ պետական միջոցները ոչ արդյունավետ են օգտագործվում շատ համայնքներում:
Տիգրան Ուլիխանյան - Էնտեղ կան տարբեր տիպի ստացած գումարներ, որոնք ո՛չ ծախսել են, ո՛չ վերադարձրել: Մեր գրության հիման վրա համայնքապետարաններից մեկը արդեն վերադարձրել է գումարը՝ մոտ 12 մլն դրամ: Մոտ 300 մլն դրամ հայտնաբերած խախտումների վերաբերյալ էլ այս պահին քրեական գործ է հարուցվել և քննվում է:
Խոսքը Գորիս համայնքում արված ուսումնասիրության տեղեկանքի հիման վրա հարուցված քրեական գործի մասին է: Բացի այդ, ՊՎԾ-ն մի շարք խնդիրներ ևս նկատել է, սակայն դրանք օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների տիրույթում են, և այս կառույցի լիազորությունները, ըստ էության, սահմանափակ են: Հենց այդ պատճառով էլ տվյալները փոխանցվել են իրավապահ կառույցներին՝ դրանք ամբողջությամբ բացահայտելու համար:
Տիգրան Ուլիխանյան - Այնտեղ կան սեփական միջոցների հավաքագրման հետ կապված խնդիրներ, գույքահարկի հավաքման, թե ինչու է քիչ հավաքվում, մենք այդ պատճառներն էլ ենք տեսնում, թե ինչու է քիչ հավաքվում: Մենք գիտենք՝ ինչպես են ծանոթ-բարեկամների գույքահարկը կարողանում չհավաքել:
Համայնքներում ստուգումները սկսվել էին դեռ տարեսկզբին, ավարտվել մեկ ամիս առաջ, բայց քանի որ նախընտրական փուլ էր, Ուլիխանյանն ասաց՝ տեղեկանքներին ընթացք է տրվել ընտրություններից հետո՝ քաղաքական շահարկումներից խուսափելու համար: