Մեծանուն արվեստագետ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում (Մեսրոպ Մաշտոցի պողոտա 46) հուլիսի 24-ին` ժամը 11:00-14:00-ը: Աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում:
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից:
Ջիվան Գասպարյանն անցել է բազմամյա ու բեղմնավոր ստեղծագործական ճանապարհ: Նա իր վերելքը սկսել է դեռևս նախորդ դարի 30-40-ական թվականներից: Այդ ճանապարհը պսակվել է համաժողովրդական ճանաչմամբ ու սիրով, իսկ վաստակը ինչպես մեր երկրի, այնպես էլ միջազգային հանրության կողմից արժանացել բարձր գնահատության:
Հայաստանում նրան շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում: Նա Երևանի պատվավոր քաղաքացի էր և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Առաջին աստիճանի շքանշանի ասպետ», ինչպես նաև պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Բազում են նաև Ջիվան Գասպարյանի այն պարգևները, որոնց նա արժանացել է արտերկրում, այդ թվում` «Աշխարհի լավագույն երաժիշտ Womex-2002», «Ոսկե գլոբուս», «Endliees Vision» 41-րդ Grammy մրցանակաբաշխության անվանակարգով, «Վուդրո Վիլսոն» մրցանակ և այլն: