Շինհրապարակներում տիրող իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, ոլորտը վերահսկման նոր մեթոդների կարիք ունի, հայտնաբերված խախտումների դեպքում էլ պատասխանատվությունը չի ուշանա՝ ընդհուպ մինչև շինաշխատանքների կասեցում: Ահազանգն օրեր առաջ հնչեցրեց քաղաքաշինության ոլորտի միանգամից 5 վերահսկող մարմին:
Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքը հստակ սահմանում է նորմերը՝ պարտադիր է, որ շինհրապարակները պարսպապատ լինեն, օդի բարձր ջերմաստիճանի դեպքում օրը մի քանի անգամ տարածքը ջրվի, վերանորոգվող շինություններն անթափանց թաղանթով ծածկված լինեն, ավազ, ցեմենտ, գաջ և այլ նյութերն ու աղբը տեղափոխվեն անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով, իսկ շինհրապարակից դուրս եկող մեքենաների անվադողերը լվացվեն. սա պահանջների ամբողջական ցանկը չէ:
ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանի համոզմամբ՝ կան բարեխիղճ ընկերություններ, որոնք պահպանում են կամ փորձում են պահպանել շինաշխատանքների նորմերը, բայց հակառակ պատկերը հանրապետությունում դեռ գերակշռող է: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ շատ դեպքերում ընկերությունները նորմերին չեն համապատասխանում ֆինանսական ոչ բավարար միջոցների պատճառով, ինչն էլ անվտանգային խնդիրների է հանգեցնում:
Մյուս խախտվող նորմը շինարարական կազմակերպման հստակ նախագիծ չունենալն է, որտեղից էլ ծագում են մյուս խնդիրներն ու խախտումները՝ ասում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը: Այս բացթողման շտկումն էլ կնպաստի շինոլորտի մակարդակի բարձրացմանն ու աշխատանքներն ավելի անվտանգ կդառնան:
Ի դեպ՝ ԱԺ-ում վերջերս օրենք ընդունվեց, որ պետության պատվիրած շինաշխատանքները տեսախցիկներով հսկվեն:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների արձանագրմամբ՝ միայն այս տարի շուրջ 2 տասնյակ ընկերություն իրազեկվել է մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման մասին, կան նաև պատասխանատվության ենթարկված տնտեսվարողներ: