Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է օկուպացված Հյուսիսային Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի մի մասը վերաբացելու Թուրքիայի ծրագիրը: Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մտադրության մասին հայտնել է այսօր՝ Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարի հետ հանդիպմանը: Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ Էրդողանի վերջին հայտարարությունը ոտնահարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի եզրակացություններն ու միջազգային հանրության կոչերը:
«Թուրքիան անհապաղ պետք է դադարեցնի իր սադրիչ ու անօրինական պահվածքը և ենթարկվի միջազգային օրենքին»,- նշվում է հայտարարության մեջ: Հունաստանի ԱԳՆ-ը հավաստիացնում է, որ պաշտոնական Աթենքը կշարունակի աշխատանքը Նիկոսիայի հետ՝ երկգոտի և երկհամայնքային դաշնության սկզբունքի հիմքի վրա «արդար ու կայուն» խաղաղության հաստատմանը հասնելու համար:
*****
Ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների անցկացման ստույգ օրը կհայտարարվի ժամանակին, հուլիսի 20-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ փորձագիտական մակարդակով խորհրդակցությունները համաձայնեցվում են Արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հետ: Երեկ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կոնսուլտացիաները ռազմավարական կայունության հարցերի շուրջ կկայանան հուլիսի 28-ին:
*****
Ռուսաստանն ու Թուրքիան ավարտում են խորհրդակցությունները С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարման պայմանագրի շուրջ, ձևավորվել է ֆինանսական մոդել. լրագրողներին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» գործադիր տնօրենը: Ալեքսանդր Միխեևը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի առաջիկա ամիսներին: Դեռ ապրիլին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան բանակցում է Մոսկվայի հետ՝ С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման շուրջ:
*****
Տիեզերք ուղևորվեց զբոսաշրջիկների երկրորդ հրթիռանավը: Այսօր, Երևանի ժամանակով 17:12-ին, դեպի տիեզերք սլացավ ամերիկացի հայտնի գործարար Ջեֆ Բեզոսի անձնական՝ «Նյու Շեպարդ» հրթիռանավը: Այն դարձավ երկրորդը, որ տիեզերք հասցրեց զբոսաշրջիկների և պատմության մեջ առաջինը՝ առանց սպասարկող անձնակազմի: «Ամազոն» ընկերության հիմնադիր, 57-ամյա Ջեֆ Բեզոսին ուղեկցում էին նրա եղբայրը, աշխարհում ամենաերիտասարդ և ամենատարեց տիեզերագնացներ՝ 18-ամյա Օլիվեր Դայմենը և 82-ամյա Ուոլի Ֆանկը: Թռիչքը տևել է 10 րոպե 28 վայրկյան: Տիեզերանավը հասել է 107 կմ բարձրության՝ հաղթահարելով Կարմանի գիծը, որը համարվում է տիեզերքի սահմանը: Հուլիսի 11-ին դեպի տիեզերք առաջին չվերթին մասնակցել է բրիտանացի գործարար Ռիչարդ Բրենսոնն իր իսկ ընկերության տիեզերանավով: Սակայն Բրենսոնը բարձրացել էր 80 կմ և չէր հատել այդ սահմանը: Թե որքան են վճարելու «Նյու Շեպարդի» ապագա ուղևորները, առայժմ գաղտնի է պահվում:
*****
Յուրաքանչյուր 100.000 մարդուն ընկնող COVID-19 վարակի դեպքերի հաշվով Վրաստանը «նարնջագույնից» անցել է «կարմիր գոտի»` հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նա նաև հավելել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը ծայրաստիճան տագնապալի է, ուստի անհրաժեշտ կլինի որոշակի միջոցներ ձեռնարկել: Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը չի կարող վերադառնալ սահմանափակումների: Նա բնակչությանը կոչ է արել պատվաստվել: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2616 նոր դեպք, 26 մարդ մահացել է: