«Ես նկարում եմ լույսը, ոչ թե նյութը։ Լույսն ինձ մոտ գույն է... Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանը: Այսօր նկարչի ծննդյան օրն է:
Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին՝ Ջաջուռում: Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր: Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է եղել նրա համար։
Գեղագիտական կրթությունը նկարիչն ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952)։ Մեկ տարի Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում սովորելուց հետո՝ 1953-ին, տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որտեղ սովորել է Ա. Զայցևի և Լ. Խուդյակովի արվեստանոցում։ Ավարտել է 1960-ին ու վերադարձել Երևան։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է Բորիս Յոհանսոնը։
Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավել իր անսովոր մտածողությամբ։ 1960-ին, երբ Մինասն արդեն 32 տարեկան էր, տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը: Կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը:
Արդեն 1962-ին մասնակցում է «Հինգի ցուցահանդեսին» (Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։ Դառնում է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։ 1968-ին առաջին անգամ նկարահանվում է կինոյում՝ Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմում: 1968-ին արժանանում է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման։
1970-ին Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունը լույս է ընծայում Հենրիկ Իգիթյանի «Մինաս Ավետիսյան» մենագրությունը։ Նկարչի հիմնական թեմաներից մեկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, որտեղ ծնվել է նկարիչը, մայրը, հայրենի լեռները, բնաշխարհը։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան` Մինասը մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։
Մինաս Ավետիսյանը բազմաժանր նկարիչ է: Ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը:
Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները: Մինասն իր որմնանկարները ստեղծել է 1970-74 թվականներին: Ստեղծել է 20 որմնանկար, որոնց ընդհանուր մակերեսը հասնում է 500 քառակուսի մետրի։
1962 թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է «Երեք բալետ-նովել» (Ջոակինո Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Մորիս Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո», Ջորջ Գերշվինի «Նեգրական թաղամաս»), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետները: Բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:
1964-ին Մինասն ամուսնացել է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։ 1966 թ. ծնվել է առաջնեկը՝ Արմանը. նա այժմ Ջաջուռում Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենն է։ 1969 թ. ծնվել է կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը, որ նույնպես նկարիչ է։ 1972-ի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև՝ Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները (մոտ 300 աշխատանք, որից 120-ը՝ գեղանկարներ), անձնական արխիվը (նամակներ և այլն)։
1975-ի փետրվարի 16-ին նկարիչը Երևանում ենթարկվել է ավտովթարի՝ տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և փետրվարի 23-ին կնքել իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են ամբողջությամբ չպարզված: