Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ հուլիսի 19-ին՝ երեկոյան 23:40-ի սահմաններում, Նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորում է ստացել ավագ լեյտենանտ Ռամալ Բահլուլ օղլու Բադալլին: Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը։
Հուլիսի 14-ից հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում նկատելի է լարվածության զգալի աճ: Նույն օրը ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում զոհվել էր հայ զինծառայող։
Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ը, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետների կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։