ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում:
Ներկաները հետաքրքրվել են, թե նոր ուսումնական տարում ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը:
«ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումն է՝ դասապրոցեսը կազմակերպել ինչպես մինչ համավարակն էր՝ հրաժարվելով դասարանները խմբերի կիսելու քաղաքականությունից, բայց և խստիվ պահելով հակահամաճարակային կանոնները: Թեմայի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն առողջապահության նախարարության հետ: Պետք է հասկանանք նաև ԱՆ-ի դիրքորոշումը և դրա հնարավոր անդրադարձը կրթական համակարգի վրա: Ցանկացած պարագայում կրթական գործընթացի շահերն ու առաջնահերթությունները չպետք է տուժեն: Այսինքն՝ պետք է փոխշահավետ լուծում, երբ և՛ առողջապահական իրավիճակն է հաշվի առնվում, և՛ կրթական գործընթացի տրամաբանությունն ու որակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և տեղեկացրել, որ այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում միջազգային գործընկերների հետ՝ դպրոցներին անհրաժեշտ հակահամաճարակային միջոցներով ապահովելու նպատակով:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման թեմայի շուրջ եղած ապատեղեկատվական հոսքերից և դրանք կանխելու կարևորությունից.
«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված նոր պայմաններում և ընդունենք, որ ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարման արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Կրթելու գործառույթը ենթադրում է հանրային պատասխանատվություն, ուստի կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչ է տարածում՝ ապատեղեկատվությո՞ւն, տագնա՞պ»: