Մի քանի մետրանոց հողաթմբեր, որոնք պետք է բնակիչներին պաշտպանեն հավանական կրակոցներից: Դրանք փակում են սահմանին առավել մոտ գտնվող փողոցի շենքերը: Չնայած դիրքերում լարված վիճակին` պատսպարվելու անհրաժեշտություն այս օրերին չի առաջացել: Սակայն դրա հնարավորությունը կա:
Կարինե Օհանյան (Երասխի բնակիչ) - Ունենք ապաստարաններ, մաքրած, պահած: Ամեն դեպքում:
Ապաստարաններ կան, սակայն Կարինե Օհանյանը լիահույս է, որ գործը դրան չի հասնի: Հուլիսի 20-ին` առավոտյան 7.00-ից սկսած, գյուղում կրակոցներ չեն լսվել: Դա նշանակում է, որ դիրքերում հանգիստ է: Շատերի հարազատները պայմանագրային հիմունքներով ծառայում են և այժմ սահմանին են: Վերջին օրերի կրակոցներն ավելի ինտենսիվ են եղել, քան 44-օրյա պատերազմի ընթացքում էր Երասխի ուղղությամբ:
Կարինե Օհանյան - Տունը շատ անհանգիստ ենք լինում: Սաղ գիշեր մինչև 2-ն անց քանիս կրակել են: Ահավոր ա եղել: Մեր սիրելի հարգարժան Օղիկյանը վիրավորվել է, տարբեր տրամաչափի բաներ են օգտագործել:
Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը վիրավորում էր ստացել նախօրեին՝ տեղանքում բռնկված հրդեհը մարելու ժամանակ: Դեպքի վերաբերյալ՝ «ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ մոլեռանդության» շարժառիթով, կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Կրակոցները բարդություններ են առաջացրել այն ընտանիքների համար, որտեղ երեխաներ կան: Նարինե Մկրտչյանը ամբողջ գիշեր փորձել է հանգստացնել իր փոքրիկին:
Նարինե Մկրտչյան (Երասխի բնակիչ) - Որ կրակոցները կան, չես կարում հանգիստ լինես: Մարդ ես, վախենում ես: Ես գիշերը ժամը 3-ին եմ քնել: Աղջիկս՝ ժամը 12-ին, դե երեխեն չէր կարում քներ՝ մամա՛, կրակում են, ասում եմ՝ բան չկա, ոչինչ:
Չնայած այս ամենին՝ բնակիչներն ապրում են առօրյա կյանքով: Գյուղատնտեսական գործերը չեն կարող սպասել: Այս օրերին ոչ մի ընտանիք չի հեռացել գյուղից:
Լարիսա Մեսրոպյան (Երասխի բնակիչ) - Կրակոցները պարզ լսվում են: Շատ հեռու չեն մեզանից: Նույնիսկ երեկ Արմաշ էինք, ընտեղ էլ լսվեց: Բայց գյուղում խուճապ չկա, սովոր ենք, էդ մեր բնական կյանքն ենք համարում, տենց էլ ապրում ենք:
Իրավիճակը Երասխի հատվածում լարվել էր հուլիսի 14-ին: Հրազենային վիրավորումից մահացել էր պայմանագրային զինծառայող: Ադրբեջանական ուժերը փորձել էին առաջ բերել մարտական դիրքերը, սակայն զինված ուժերը արձագանքել էին, ինչից հետո փոխհրաձգություն էր սկսվել: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հավաստմամբ՝ իրենք ևս ունեն վիրավոր:
Հատկանշական է, որ հենց այս հատվածով է անցնում Հայաստանը Նախիջևանի տարածքով Իրանին կապող երկաթուղին, որի գործարկումը կարող է Հայաստանին հնարավորություն տալ երկաթուղային կապ ունենալ նաև Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով: Այս կոմունիկացիայի բացման հնարավորությունը նույնպես քննարկել է փոխվարչապետների մակարդակով կազմված աշխատանքային խումբը: Ակնհայտ է, որ ներկայիս սրացումը կարող է բարդացնել երկաթուղու գործարկումը: