Ափօ Սահակեան (երաժիշտ) - Մեր հայրենիքն է, ինչպես բացատրեմ, երբ ինձ հարցնում են՝ ինչո՞ւ գնացիր, ես ասում եմ՝ ինչո՛ւ չէ։ Ինչո՛ւ պիտի չգնաս։
Ափօն ծնվել է Երուսաղեմում, 2020-ի Արցախյան պատերազմից հետո որոշել է տեղափոխվել Հայաստան, Աշտարակում հողամաս են վերցրել, տուն են կառուցում, եղբայրն արդեն 4 տարի է՝ Հայաստանում է, ընտանիքի մյուս անդամներն էլ մտածում են այստեղ տեղափոխվելու մասին։
Ափօ Սահակեան - Մեծ հայրիս հայրը Սեբաստիայից է, Ցեղասպանության պատճառով փախավ Երուսաղեմ։ Այդպես հայտնվեցի Երոսւաղեմում, մեր համայնքի զավակն եմ։ Երաժիշտ եմ, արվեստագետ եմ։
Ափօն Երուսաղեմում գործող Apo and Apostles ռոք-խմբի հիմնադիրն է, երգում է նաև հայերեն՝ հիմնականում ժողովրդական երգեր։ Միջազգային հարաբերությունների մասնագետ է, երաժշտական կրթություն չունի։ Ափօյի համար երաժշտությունն ուղղակի զբաղմունք չէ, սա նաև միջոց է՝ սեփական ժողովրդին ու օտարերկրացիներին ցույց տալու՝ ով է հայը, ինչ երաժշտություն ու պատմություն ունի։ Նպատակ ունի գնալ Սյունիք, Արցախ, իր երաժշտությամբ նոր շունչ հաղորդել բարբառներին։
Ափօ Սահակեան – Մեր համար մեր ազգն ու հայրենիքը սրբություն էր։ Մեզ ասել են, որ մենք ուրախ պիտի լինենք, որ հայ ենք։ Մարդիկ չեն գնահատում իրենց ժառանգությունը, իսկ բարբառները մեր պատմության կրողն են։ Դրա համար պիտի վերցնենք, անենք, ներկայացնենք երիտասարդներին։ Իմանան՝ ով են, ինչ են ու որտեղից են գալիս։
2006-ից ի վեր ամեն տարի գալիս է Հայաստան, ասում է՝ հայրենիք վերադառնալու համար միշտ էլ կա առիթ ու պատճառ։ (տունդ է , հայրենիքդ է պիտի գաս) Սեպտեմբերի 27-ին տոմս է գնել, եկել Հայաստան՝ օգնելու հայրենիքին։
Ափօ Սահակեան - Եթե ես ուզում եմ, որ հայրենիքս աճի ու զարգանա ու զորանա, պետք ես ակտիվորեն մասնակցեմ ընթացքին։ Դրա համար ես այստեղ եմ։
Չորս լեզու գիտի՝ հայերեն, անգլերեն, եբրայերեն, արաբերեն։ Երբ հարցազրույցից առաջ հարցրի՝ որ լեզվով կնախընտրի զրուցենք, ասաց՝ հայերեն։
Ափօ Սահակեան – Հայերեն երբ խոսում եմ, շատ բան եմ զգում, հանգիստ, ոնց տան մեջ։ Ընտանիք, համայնք, դպրոց, մենք Հայկական թաղամաս ունենք, հայկական դպրոց կա, հայրս թունդ հայ է, մայրս էլ խենթ հայ է, հայերեն գրքեր է կարդում հայրս, մեզ հետ հայերեն է խոսում։
Հայաստանի մասին խոսելիս միշտ ժպտում է, բայց համոզված է՝ առկա խնդիրները հաղթահարելու համար գործել է պետք, ոչ թե միայն երազել ու հուսալ․ ինքն էլ այստեղ է, որ գոնե մի քիչ իրականություն դարձնի իր ժողովրդի երազանքները՝ այդ թվում երաժշտությամբ։ Բացի ժողովրդական երգերի մշակումներից, ուզում է հանդես գալ սեփական ստեղծագործություններով՝ արդեն հայերեն։ Մի ամիս առաջ լույս է տեսել «Եար, մի՛ գնա յայլէն» երգը՝ նվիրված Արցախյան պատերազմի զոհերին ու նրանց անավարտ սիրո պատմություններին։ Սակայն խորհրդանշական է, որ երգի գաղափարն առաջացել է մինչև պատերազմը: