Օդում 50 տոննա կշռով մետաղյա հեծան է։ Ներքևում բոլորը շունչը պահած հետևում են՝ ինչպես են երկու կռունկավար միլիմետրի ճշտությամբ միաժամանակ վերև բարձրացնում մայրաքաղաքի նոր՝ Արգավանդի կամրջի ամենաերկար դետալներից մեկը։ Երևանի հինգերորդ կամուրջը վրացիներն են կառուցում։
Նիկոլոս Զիգավա (CRP ընկերության մոնտաժի մենեջեր) - Նախավերջին հատվածի աշխատանքն ենք հիմա իրականացնում։ Սա ամենաերկար՝ 60-մետրոնց թռիչքն է, որից հետո մնում է կառուցենք գրունտին մոտ 42 մետրը։ Դեռ պետք է մոտ 800 տոննա մետաղական կոնստրուկցիա տեղադրենք:
Ժամից երկար տևեց, մինչև հեծանը նստեց իր տեղում։ Ապա գործի անցան ալպինիստ-շինարարները՝ բարձր սյուների վրա հատուկ պտուտակներով ամրացնելու միացման բոլոր կետերը։ Մետաղական այս կամրջի վրայով է շուտով անցնելու Երևանում Մալաթիա-Սեբաստիայից Շենգավիթ, իսկ Հայաստանի մասշտաբով՝ Արագածոտնից Արարատի մարզ գնացող տրանսպորտը: Ներկայացնում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավարը։
Նորա Մարտիրոսյան (Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար) - Արտաշատից դեպի Աշտարակ գնացող հոսքն էլ ստիպված չի լինի մտնել քաղաքի կենտրոն, կշրջանցի ու կգնա՝ օգտագործելով այս ճանապարհահատվածը։ Ըստ էության, Արգավանդ-Շիրակը հանդիսանում է մեր ճանապարհահատվածներից ամենակարևորը, քանի որ կամուրջ կա:
Նոր կամուրջն ունի 252 մ երկարություն, 28 մ լայնություն․ այն մի կողմից դեռ հավաքվում է, մյուսից՝ արդեն բետոնապատվում։ Տեղում խիճ մանրացնող շարժական գործարան է հավաքված, որը մատակարարում է նոր ճանապարհին անհրաժեշտ շերտերի հումքը։ Կառուցապատող իսպանա-վրացական և հայկական ընկերությունների աշխատանքը վերահսկում է ֆրանսիական «էջիս» ընկերությունը։
Պիեռ Մյուղիս («Էջիս ինթերնեյշնլ» ընկերության ներակայցուցիչ) - Փաստացի ունենք միջազգային որակի աշխատանք իրականացնող կապալառու, որը «Կապավորն» է և CRP-ը՝ «Կովկասյան ռոուդ փրոջեքթը»։ Չհաշված կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով գրաֆիկից մի փոքր շեղումը, ժամանակի մեջ տեղավորվում ենք:
Կամուրջը՝ գործող ճանապարհների հետ միացնող ընդհանուր մոտ 2,7 կմ-անոց նորակառույց հատվածներով, վարորդների շահագործմանը կհանձնվի այս տարվա վերջին։ Արժեքը 26 մլն դոլար է, ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը։ Տրանսպորտային նոր երթուղի մեքենաները մտնելու են ձիարշավարանի մոտից։
Գուրգեն Թադևոսյան (կապալառու կազմակերպության լիազոր ներկայացուցիչ) - Ստեղ լինելու ա շրջանաձև հանգույց, ստեղից սկսվում ա ճանապարհը:
Հանգույցն ամենավերջում կկառուցեն, որ վարորդներին քիչ անհարմարություն պատճառեն ու արագ ստացվի։ Շինարարական ամբողջ ուժերն այժմ կենտրոնացած են դեպի նոր ճանապարհի՝ մայրաքաղաքը շրջանցող արագընթաց Արգավանդ թևի վրա, ասում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը։
Գուրգեն Թադևոսյան - Ավարտը գնում ա կպնում ա Բաբաջանյան փողոց։ էս ճանապարհը որ տևում ա 20-30 րոպե, որ էդ կողմից մինչև ձիարշավարան ա գալիս, կլինի 1,5 րոպե ամենաշատը:
Հենց այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար է, որ Երևանի քաղաքապետարանը երկուշաբթիից 3 ամսով փակել է Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան հանգույցից դեպի Բաբաջանյան փողոց տանող երթուղին։ Որպես այլընտրանք՝ մեքենայատերերին առաջարկվել է օգտվել ոստիկանական ակադեմիայի հարակից հետադարձի հնարավորությունից։ Անվտանգության համար են նման որոշում կայացրել՝ պարզաբանում է Նորա Մարտիրոսյանը։
Նորա Մարտիրոսյան - Քանի որ հատվում ա Իսակովի հետ, վթարներից խուսափելու համար ենք փակել։ Թևերը կառուցելուց հետո անմիջապես կբացենք:
Նորակառույց Արգավանդ-Շիրակ Ճանապարհը, կամրջով հանդերձ, ըստ նախնական ժամանակացույցի, շահագործման կհանձնվի նոյեմբերի 20-ից։