Եռաբլուրի տապանաքարերը պետք է լինեն միանման: Բարեկարգման աշխատանքերը դեռ չեն սկսել, բայց արդեն կա գաղափար՝ ինչպիսին պետք է լինի զինվորական պանթեոնը. չկան մեծ ու փոքր հերոսներ, այստեղ բորորը հավասար են:
Եռաբլուրի ճարտարապետ Ասլան Մխիթարյանն այս հուշակոթողը հեղինակել է վերջին պատերազմին զոհված տղաների հիշատակին, տեղադրելու են դեպի շիրիմներ տանող ճանապարհին: Բարեկարգվող գերեզմաններն այս տեսքն են ունենալու, նախագիծն արդեն հաստատվել է: Նախատեսված է 1 մլրդ 500 մլն դրամ տրամադրել բյուջեից՝ մոտավորապես 1000 գերեզմանի բարեկարգման համար:
Պայմանագրերի կնքման փուլն է հիմա: Գնդապետ Ավետիսյանը փաստում է՝ շինարարության մեկնարկը ուշացած է, խնդիրը՝ տեխնիկական:
Ի դեպ, մասնագիտական մեծ խումբ է աշխատել գերեզմանների տեսքի ու ձևի վերջնական տարբերակ ստանալու համար, ընտրվածն ամենահարմարն է՝ կարծում է Ավետիսյանը:
Այս պահին գրեթե բոլոր գերեզմանները ժամանակավոր բարեկարգված են: Եռաբլուրի տնօրենը նշում է՝ բոլորին անհատապես մոտեցել ու խնդրել են՝ մեծ գումարներ չծախսեն, հետագայում քանդվելու են: Ավելացնում՝ անկախ կոչումից ու տարիքից՝ այստեղ բոլորը հերոսներ են: Մեկ նմուշով միասնական ու միանման՝ եղբայրական պանթեոնը միակ ընդունելի տարբերակն է, Եռաբլուրը պարզապես գերեզմանատուն չէ, այն ազգային արժեք ու սրբատեղի է:
Բարեկարգման աշխատանքները դեռ չեն մեկնարկել, բայց գլխավոր հարցն ավարտի մասին է, երբ է վերջնաժամկետը: Շինարարության ընթացքին կարող են խանգարել նաև անընդհատ այցելությունները, բայց դա լուծելի հարց է: Գալստյանը նշում է՝ Եռաբլուր այցերը շուրջօրյա են: Առավոտ 7-ից մինչև կեսգիրշեր, անգամ ցերեկվա շոգ ժամերին: Ի դեպ, Եռաբլուրում դեռ հուղարկավորությունները շարունակվում են, նոր տարածքներ առանձնացվում:
Նախատեսված է ճանապարհների բարեկարգում, կանաչապատում ևս լինելու է, բայց թե որ հատվածներում ու ինչ ծավալով, դեռ անորոշ է: Եռաբլուրն ստեղծված օրվանից մինչ օրս չունի հաստատված հատակագիծ:
Վերջին պատերազմից հետո Եռաաբլուրը կրկնակի մեծացել է: Մինչ 44-օրյա պատերազմը 750 հերոսի տունն էր այն, այս պատերազմի հերոսներից մինչ այս պահը 878-ը հուղարկավորվել է այստեղ: