2022 թ. հունվարի 1-ից կկիրառվի օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվության նոր՝ էլեկտրոնային համակարգ: Մշակել է միգրացիոն ծառայությունը: Թվայնացվել է թույլտվության տրամադրման ամբողջ գործընթացը: Նման կերպ և՛ գործատուն, և՛ օտարերկրացին կկարողանան ժամանակ խնայել և խուսափել ավելորդ թղթաբանական հարցերից:
Արմեն Ղազարյան (Միգրացիոն ծառայության պետ) - Եթե հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ գործատուն դիմում է աշխատանքի հարցերի լիազոր մարմին, ստանում է օտարերկրացու համար աշխատանքի թուլտվություն, այնուհետև այդ աշխատանքի թույլտվության հիման վրա օտարերկրացին գնում է անձնագրային և վիզաների վարչություն և ստանում է ժամանակավոր կացության կարգավիճակ, ապա մենք փոխում ենք այդ իրավիճակը այնպես, որ պրոցեսը տեղի ունենա մեկ անգամ:
Ըստ նոր կարգի՝ գործատուն էլեկտրոնային համակարգում լրացնում է աշխատատեղի նկարագիրը, այնուհետև նրան ներկայացվում է այդ աշխատատեղի համար Հայաստանի քաղաքացու թեկնածությունը: Եթե գործատուն հավանություն է տալիս, ապա գործընթացն ավարտվում է: Հակառակ դեպքում գործատուն ներբեռնում է օտարերկրացու տվյալները, այստեղ գործի են անցնում պետական մարմինները:
Արմեն Ղազարյան - Սահմանված ժամկետներում, որոնք նշանակալիորեն կրճատվել են, ժամկետներում արդեն բոլոր պետական մարմինները էլեկտրոնային կառավարման համակարգում իրացնում են իրենց գործառույթները, և արդյունքում տրվում է մեկ փաստաթուղթ:
Գործընթացի տարբեր բաղադրիչների ժամկետները կրճատվել են, ինչի շնորհիվ գործատուն օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն կստանա մեկ ամսվա ընթացքում՝ ներկայում գործող երկու ամսվա փոխարեն:
Արմեն Ղազարյան - Ներկայումս աշխատանքի թույլտվության համար պետական տուրք է գանձվում 25 հազարի չափով, եթե մեկ տարվա կացության կարգավիճակ է՝ 105 հազարի չափով, քանի որ փաստաթուղթը դառնում է մեկ կացության կարգավիճակ, նա վճարելու է միայն կացության կարգավիճակի համար:
Ազգային ժողովն ընդունել է օրենքը, ներկա պահին Միգրացիոն ծառայությունը վերջնական տեսքի է բերում էլեկտրոնային համակարգը:
Վարդան Մաթևոսյան (Միգրացիոն ծառայության պետի օգնական) - Եթե կրթության ոլորտի մասնագետ է գալիս, մենք կհարցնենք, իհարկե, ԿԳ նախարարությունից՝ արդյոք այս մասնագետը համապատասխանո՞ւմ է նախօրոք արդեն վերբեռնված թափուր աշխատատեղի նկարագրին: Եթե չի համապատասխանում, դա էլի կարծիքի տեսքով գալիս է միգրացիոն ծրագիր, և հիմք է մերժելու օտարերկրացուն:
Սա լավ օրինակ կարող է դառնալ հետագայում ողջ փաստաթղթավորման համակարգի թվայնացման համար, ինչպես աշխարհի տարբեր երկրներում, ասում է Արմեն Ղազարյանը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան