Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են՝ ավարտին է հասնում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եվրոպական միության համագործակցության արդյունքում «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման գործընթացը, և մինչև 2021 թվականի ավարտը այն պետք է գործարկվի։
Էլեկտրոնային համակարգը կհամապատասխանի միջազգային ամենաբարձր չափորոշիչներին, ինչի արդյունքում կպարզեցվեն և ավելի արագ ու հասանելի կդառնան մաքսային ծառայությունների մատուցումը, գրեթե բոլոր թույլատրական փաստաթղթերի ստացման գործընթացը։
Էլեկտրոնային հարթակի միջոցով տնտեսվարողները և ֆիզիկական անձինք մաքսային ձևակերպումների իրականացման և անհրաժեշտ թույլատրական փաստաթղթեր ստանալու նպատակով կարող են ցանկացած վայրից, ցանկացած պահի մուտքագրել սահմանով տեղափոխվող կամ տեղափոխման ենթակա ապրանքների վերաբերյալ բոլոր տվյալները՝ լրացնելով ընդամենը մեկ հայտ՝ «Մեկ պատուհանում»։ Համակարգը տեխնիկական անհրաժեշտ ստուգումներ իրականացնելուց հետո ինքնաշխատ կերպով կձևավորի և կուղարկի անհրաժեշտ ենթահայտեր իրավասու բոլոր պետական գերատեսչություններին, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության իրականացման գործընթացում ներգրավված ոչ պետական կառույցներին։
«Մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի միջոցով կտրամադրվեն համապատասխան արտոնագրերը, լիցենզիաները, հավաստագրերը, այլ թույլատրական փաստաթղթերը և փորձագիտական եզրակացությունները, որոնք ավտոմատ կերպով հասանելի կդառնան մաքսային մարմիններին, ինչպես նաև կինտեգրվեն մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարարագրերին։
Նոր հարթակի միջոցով հնարավորություն կստեղծվի նաև իրականացնել էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքերի և այլ վճարների վճարումները։ Կապահովվի բոլոր գործընթացների հետագծելիության հասանելիությունը, և յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա հետևել իր հայտավորած փաստաթղթերի ստացման գործընթացին։
«Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատրական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվեն ժամանակ և ռեսուրս։