Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» շարունակում է պայքարը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Ալեքսանդր Գրիգորյանի թիմն այսօր որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի շրջանակում կհյուրընկալի մոլդովական ֆուտբոլի դրոշակակիր և գործող չեմպիոն «Շերիֆին»։
Երևանյան ակումբը որակավորման առաջին փուլում պայքարից դուրս թողեց Ուելսի չեմպիոնին։ Երեկ կայացել են թիմերի նախախաղային վերջին մարզումները, իսկ գլխավոր մարզիչները նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել են լրագրողների հարցերին։
Մրցակից թիմի գլխավոր մարզիչ Յուրի Վերնիֆուբը վստահ է իր տղաներին և կարծում է, որ նրանք լիովին պատրաստ են այսօրվա խաղին։
Յուրի Վերնիֆուբ - Վստահ եմ տղաներիս վրա, վստահ եմ, որ նրանք պատրաստ են։ Մանրամասն ուսումնասիրել ենք «Ալաշկերտի» խաղը։ Թիմն ինձ դուր է գալիս։ Կարող եմ առանձնացնել ձեր հարձակվողին, Դավիթ Խուրսիձեին և Սանթոսին, բոլոր ֆուտբոլիստներն իրենց տեղում են։ Դաշտի կենտրոնում լավ տղաներ կան։ Գրիգորյանը լավ ֆուտբոլիստ է, որն սկսում է թիմի գրոհները։ Եկեք սպասենք վաղվա խաղին, և թող հաղթի ուժեղագույնը:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ անցած խաղում թիմը լրացուցիչ ժամանակ անցկացնելուց հետո լավ վիճակում է գտնվում՝ թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեբանորեն։
Թիմի ավագ Արտակ Գրիգորյանը, հիշելով «Ուլիսի» կազմում անցկացրած հանդիպումը «Շերիֆի» դեմ, կարծում է, որ թե առաջ և թե հիմա մրցակիցը նույն հզորությունն ունի:
Մոլդովական ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում երկու խաղերի արդյունքում 5։0 հաշվով պայքարից դուրս թողեց Ալբանիայի չեմպիոն «Տեուտային», ինչն էլ իր հերթին խոսում է այն մասին, որ թիմը գտնվում է լավ մարզավիճակում, ու երևանյան ակումբին դժվար փորձություն է սպասում։
Հեղինակ՝ Արսեն Բարսեղյան