Վրաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել տղամարդու, որը մեղադրվում էր TV Pirveli-ի օպերատոր Լաշքարավային թմրանյութ վաճառելու համար՝ հայտնում է interfax-ը:
Վրաստանի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ բերման ենթարկված տղամարդը մշտապես զբաղվում է թմրանյութերի անօրինական վաճառքով և հուլիսի 10-ին հենց նա էլ հերոին է վաճառել օպերատորին:
Լաշքարավան հուլիսի 5-ին ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ հակառակորդների կողմից, հինգ օր անց հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ հուլիսի 11-ին, օպերատորին մահացած էին գտել իր տանը: Հաջորդ օրը Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց, որ նրա մահվան պատճառը թմրանյութի գերդոզավորումն է եղել, ինչը Թբիլիսիում հանգեցրեց ընդդիմության կողմնակիցների բողոքի նոր ակցիայի: Մահվան դեպքի քննության տվյալները նրանք համարեցին զրպարտություն:
Միաժամանակ, իրավապահները հարցաքննության են կանչել բռնության կոչեր անող հոգևորականին: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Հուլիսի 5-ին հոմոֆոբ ակցիայի ընթացքում Թբիլիսիում հայր Սպիրիդոնը, խոսելով հավաքվածների առջև, բառացի ասել էր` «Դուք պետք է բռնություն գործադրեք ձեր հայրենիքի անունից, բռնություն գործադրեք երկրի անունից»: Հավաքվածները ծափողջույններով էին ընդունել նրա այդ ելույթը: Նույն օրը ագրեսիվ խմբերի բռնի գործողություններից տուժեց 50-ից ավել լրագրող:
Հայտնի է, որ Պատրիարքարանն ընդամենը խիստ նկատողություն է արել քահանայապետին, իսկ նա տեսանյութ է հրապարակել, որում ներողություն է խնդրում: