ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, Արտաքին կապերի և սփյուռքի, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունների աշխատակիցների հետ:
Հանդիպումներին ներկա էին նաև նշյալ ոլորտները համակարգող նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, կադրային քաղաքականությանը, ոլորտային առանձնահատկություններին վերաբերող հարցեր:
«Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ոլորտների ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Որպես առաջնահերթություն՝ նշվել է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի՝ առաջիկայում Կառավարության հաստատմանը ներկայացնելը:
Անդրադառնալով ռազմավարական ծրագրերին՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ դրանցում պետք է դնել իրատեսական խնդիրներ և հետամուտ լինել դրանց լուծմանը:
Ա. Մարտիրոսյանը տեղեկացրել է հուլիսի 22-ից սփյուռքի մանկավարժների վերապատրաստման ծրագրերի մեկնարկի մասին: Վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով մինչև օգոստոսի 31-ը՝ 7 ծրագրով: Նախանշվել են նաև Երիտասարդության միջազգային օրը (օգոստոսի 12) Հայաստանի 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանում միջոցառումներ անցկացնելու նախապատրաստական աշխատանքները:
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության աշխատակիցների հետ աշխատանքային խորհրդակցությանը Վահրամ Դումանյանն ասել է. «Բուհական ոլորտը հասարակության համար ամենակարևոր և բարդ ոլորտներից է, որտեղ աշխատանքային կարգապահությունը առաջնահերթ է. խնդիրներին պետք է արձագանքել արագ և արդյունավետ»:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բուհական ոլորտի ընթացիկ խնդիրներին ու նախատեսվող բարեփոխումներին: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքները ժամանակին, արդյունավետ ու նպատակային կազմակերպելու և իրականացնելու համար: