Միասնական քննություններին հայտագրված 11058 դիմորդից այս տարի բուհ է ընդունվել 8083-ը: 2935 դիմորդ մրցույթից դուրս է մնացել: Նրանցից 1546-ը դրական շեմը չի հաղթահարել: Դրական միավոր ստացած, բայց մրցույթը չհաղթահարած դինորդներին երկրորդ հնարավորություն կտրվի: Այսօրվանից մինչև հուլիսի 26-ը կազմակերպվելու է մրցույթի լրացուցիչ փուլ: Անհրաժեշտ է մուտք գործել dimord.am կայք, ծանոթանալ մեծ թվով թափուր տեղերին ու հայտագրվել:
Կարո Նասիբյան (ԳԹԿ փոխտնօրեն) - Ընտրելու է մինչև 6 մասնագիտություն: Առավելությունը տրվելու է միավորին:
Պետական ու մասնավոր բուհերում այս պահին 15000 թափուր տեղ կա, հիմնականում՝ «Քիմիա», «Կրոնագիտություն», «Աստվածաբանություն», «Արվեստաբանություն», «Մշակութաբանություն» մասնագիտություններով: Թափուր տեղերի մի մասն էլ մարզերի համալսարաններում է:
Կարո Նասիբյան - Օրինակ՝ Գորիսի պետական համալսարանում 52 հոգի է ընդունվել:
Այս տարի պահանջված մասնագիտությունների եռյակից դուրս է մնացել նաև «Տնտեսագիտությունը»: Թափուր տեղեր այստեղ էլ կան, մրցույթ գրեթե չի եղել:
Կարո Նասիբյան - Եթե տարիներ շարունակ պահանջված էին տնտեսագիտական մասնագիտությունները՝ ֆինանսներ, վարկ, կառավարում, այս տարի այդ մասնագիտություններում նույնիսկ ցածր միավորներով ընդունվել են:
Տարիներ շարունակ դիրքերը չեն զիջում ու պահանջվածների ցանկում առաջատարն են ՏՏ ոլորտի ու բժշկական մասնագիտությունները: ԳԹԿ փոխտնօրենն անդրադարձավ նաև երկրորդ փուլով քննություններին մասնակցած դիմորդների ցածր միավորներին: Ասաց՝ պատճառն այն է, որ դիմորդների մի մասը երկրորդ փուլին է մասնակցում գնահատական փախցնելու կամ բախտը փորձելու համար:
Կարո Նասիբյան - Փորձը ցույց է տալիս որ երկրորդ փուլով հանձնողների կեսը կամ 2/3-ը ստանում են անբավարար գնահատականներ:
Միասնական քննություններում այս տարի միջադեպեր չեն գրանցվել: Միայն թե կրկին եղել են դեպքեր, երբ դիմորդը քննասենյակ է մտել մի քանի հեռախոսով: Այս տարի որպես հուշարար նաև բարձր տեխնոլոգիաներ են փորձել կիրառել:
Կարո Նասիբյան - Էլեկտրական լարերով գալիս, ականջի մեջ է լինում տեղադրված «միկրոֆոն» կոչվածը:
Այս տարի մի նոր միտում էլ կա. դիմորդները միասնական քննությունների վերջնարդյունքի մասին sms հաղորդագրություններ են ստանում առանց բառկոդի: ԳԹԿ-ից տեղեկացնում են՝ դրանք կառույցի հետ որևէ կապ չունեն: Թեստավորման կենտրոնը դիմորդներին հաղորդագրույթյուն ուղարկում է միայն բառկոդով: