Զրույցի համար դեռ ժամանակ կլինի, բայց զուգահեռ իրերը պետք է հավաքի, որ մինչև վարորդի գալը պատրաստ լինի: Ռուզաննա Այվազյանը 9 ամիս առաջ 1 շաբաթով 2 երեխայի հետ եկավ Հայաստան, հիմա վերջապես վերադառնում է, բայց ոչ իր տուն: Տունը մնացել է Ադրբեջանի օկուպացրած Հադրութում:
Ռուզաննա Այվազյան - Ծնունդով Հադրութի շրջանի Խանձնավոր գյուղից եմ, բայց ամուսնացել եմ Առաքել գյուղում:
Գյուղի անունը տալիս՝ 9 ամիս անց էլ արցունքները զսպել չի կարողանում: Ամբողջ կյանքում առածն ու արածը մնացել է այնտեղ: Արցախում դեռ տուն չեն գտել, հյուրատանն են մնալու՝ Արցախի կառավարությունն է ուղղորդել՝ մինչև այլ տարբերակներ լինեն: Ռուզաննայից բացի 150-ից ավելի ընտանիք է հերթագրվել, սպասում են վերադարձի հնարավորությանը:
Միքայել Վիրաբյան, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ - Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Շահումյանի շրջանի, փոքր մաս են կազմում կողքի փոքր գյուղերի բնակիչները:
Եռակողմ հայտարարության ստորագրումից՝ նոյեմբերի 9-ից մինչև հունվարի 1-ը, շուրջ 40.000 արցախցի շտաբի օգնությամբ արդեն տեղափոխվել է: Իսկ հունվարից մինչև հուլիսի 1-ը՝ 76 ընտանիք՝ 376 հոգի: Հիմա արդեն վերադառնում են նրանք, ում տները հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս նպատակով վերաբնակեցման ծրագիր է գործարկվել:
Միքայել Վիրաբյան - Շտաբի կողմից, ըստ անհրաժեշտության, կազմակերպվում են ճանաչողական այցեր, գնում են, ծանոթանում են: Այցերից ու վերանորոգումից հետո ընտանիքները տեղափոխվում են այդ բնակարաններ:
Բնակֆոնդի հարցն ամենամեծ խնդիրն է՝ նշում է Վիրաբյանը: Այս խնդիրն արագ լուծելու կարճաժամկետ ծրագրերից բացի Համահայկական հիմնադրամի օգնությամբ Ստեփանակերտում հիմա բազմաբնակարան շենքեր են կառուցվում: Հայաստանում ապրող արցախցիների համար էլ խնդիրներից ամենամեծը նորից բնակության վայրի հետ է կապված:
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է 21,600 արցախցի՝ 5448 ընտանիք: Հուլիսի 1-ի կառավարության նիստին գործադիրը հաստատեց՝ լրացուցիչ 8,8 մլրդ դրամ է հատկացնում Արցախին: Այս պահին Արցախին մեր աջակցության ընդհանուր փաթեթը 83 մլրդ դրամ է, շուրջ 53 մլրդն արդեն ծախսվել է: Փաշինյանն էլ այդ նիստին հայտարարեց՝ ժամանակն է վերականգնման ծրագրերը փոխարինել զարգացման ծրագրերով, որ Արցախի տնտեսությունն սկսի աշխատել, արցախցին էլ Արցախում ունենա աշխատանք:
Ռուզաննան ու իր ամուսինն արդեն գործ ունեն, ավելին՝ ամուսինն արդեն Արցախում է, աշխատանքի է անցել շինարարությունում: Իսկ ինքը՝ Առաքել գյուղի մանկապարտեզի տնօրենից Ստեփանակերտում հադրութցիների համար նորաբաց մանկապարտեզում մեթոդիստ է աշխատելու:
Վերադարձին անհամբեր սպասում են նաև երեխաները. 6-րդ դասարան փոխադրվող Մարիաննան ճշտել է՝ իր նոր դպրոցում հին դպրոցի դասընկներն էլ են լինելու: