Կարպիս Սահակյան (ֆերմեր) - Տերև չէ թողած, տերևը ծառի թոքն է, որ պիտի շնչի, հիմի տերև չկա, եթե ծլավ, կարելի է փրկել, այլապես պիտի նորը տնկենք:
Սա սովորական վնասատու չէ, չարիք է, ասում է՝ ցույց տալով բռնած մորեխը: Սիրիայի Քեսաբ քաղաքից Այրում տեղափոխված Կարպիս Սահակյանը 1 հա նորատունկ կիտրոնի այգին մորեխների հարձակումից փրկելու փորձերն անօգուտ է համարում, պայքարն անհավասար է:
Կարպիս Սահակյան - 3 անգամ սրսկել եմ իմ սեփական ուժերով, մոտ 7 տ դեղորայք եմ սրսկել, բայց սեփական ուժերով չի կարելի այս աղետի դիմաց կանգնել:
Ամռան սկզբից ի վեր Այրում համայնքի Բագրատաշեն, Դեբեդավան, Պտղավան գյուղերի մշակովի տարածքները մորեխների արշավանքից դարձել են աղետի գոտի, գյուղացիներն ասում են՝ հսկա ամպի նման իջնում են արտերի ու այգիների վրա՝ իրենցից հետո թողնելով միայն մերկ ցողունն ու պտղի կորիզը: Այսպիսի պատուհաս տեղաբնակները չեն հիշում: Ասում են՝ ավերածության ծավալով էլ է աննախադեպ:
Ալեքսան Մանուկյան (Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ) - 3 տեսակ են՝ կանաչ, դեղին, շագանակագույն, չափերը՝ 4-8 սմ-ի է հասնում, 3-ն էլ վտանգավոր են, պտուղը մինչև կորիզը ուտում ա, տերևները, մատղաշ շիվերը, ձմերուկի նոր հանգույցները, եգիպտացորենի բերքը, ինչ պատահի, ուտելու բան ըլնի, ինչ կանաչ դեմն ընկնի, ուտում ա:
Մերուժանը իր մեկ հա ձմերուկի ցանքից սպասվելիք բերքի կեսն արդեն կորցրել է:
Մերուժան Անդրեասյան (Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ) - Եթե նենց վերցնեի մի տ բերք, կարող ասենց վեկալեմ 600, 500 կգ: Դեղը անում ենք, 2-3 ժամ անհետանում են, նորից էլի գալիս:
Միայն անձրևոտ օրերին են այգեգործները շունչ քաշում, վնասատուները լավ թաքնվում են, իսկ շոգ ժամանակ, ասում են, մեքենայով անգամ ճանապարհով անցնել չի լինում:
Արայիկ Պարանյան (Այրում համայնքի ղեկավար) - Մոտ 700 հա տարածքում թե՛ բազմամյա, թե՛ միամյա տնկարկներին է վնաս պատճառում: Մարդիկ վարկ են վերցրել, այգիներ մշակել, ամբողջ տարածաշրջանում բերքը վտանգի տակ ա:
Աղետին դիմակայելու ելքը, ասում են, համատեղ պայքարն է:
Արայիկ Պարանյան - Ներկայացրել ենք մարզպետարան, որպեսզի հնարավորության դեպքում տրամադրվի բուժանյութը, իսկ մեր տեխնիկական միջոցներով, տրակտորներով, սրսկիչներով, կազմակերպվեն մասսայական սրսկումներ, որպեսզի ամբողջ տարածքում պայքարն արդյունավետ լինի:
Տեղացիների խոսքով՝ եթե սրա դեմը շուտ չառնենք, հաջորդ թիրախը Դեղձավան և Հաղթանակ գյուղերը կլինեն: