Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հանրապետական փուլի մեկնարկը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 19-31-ը կիրականացվի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Այս անգամ ծրագրի առանցքում դերասանի վարպետության դասընթացն է։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ողջունել է ծրագրի մասնակից աշակերտներին և ներկայացրել նախագծի նպատակն ու ընթացքը: Խոսելով ծրագրի անցած ուղու մասին՝ Վարդան Մկրտչյանը տեղեկացրել է, որ երեք տարիների ընթացքում «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը մեծ ճանապարհ է անցել՝ լինելով Հայաստանի բոլոր այն քաղաքներում, որտեղ կա պետական թատրոն:
«Հատկանշական է, որ թատրոնը դարձել է տվյալ քաղաքը լուսաբանող, քաղաքի վրա նոր լույս սփռող կարևոր մի օղակ: Այսօր ծրագիրն արդեն ճյուղավորվում է, և առաջին ճյուղը, բնականաբար, պետք է լիներ դերասանի վարպետությունը»,- նշել է թատրոնի տնօրենը և շնորհակալություն հայտնել ծրագրում ներգրավված այն դերասան-գործընկերներին, որոնք պատրաստակամություն են հայտնել աշխատելու աշակերտների հետ՝ արդյունքում ստեղծելով համատեղ ներկայացումներ:
Վարդան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարությանը՝ «Դասարան+Դասական» կրթամշակութային ծրագրին հետևողական աջակցելու համար, և շեշտել, որ այդպիսով կարևորվում են ոչ միայն առանձին վերցրած մշակույթի և կրթության ոլորտները, այլև ծրագրում ներառված այդ երկու բաղադրիչների մեկտեղումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է աշակերտներին և շնորհավորել ծրագրին մասնակցելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը պետական աջակցությամբ իրականացվող ամենահետաքրքիր, գրավիչ, օգտակար ծրագրերից է, որի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեն աշխատելու և շփվելու իրենց վաստակով, մասնագիտական նկարագրով առանձնացող արվեստագետների հետ և ստանալու բանալիներ, որոնցով ընկալվելու է այն բարդ ոլորտը, որը կոչվում է թատրոն:
«Մենք չենք ակնկալում, որ դուք բոլորդ դառնաք ռեժիսորներ և դերասաններ: Մեր նպատակն է ձևավորել և վերափոխել թատրոնի հանդեպ ձեր ընկալումները, որովհետև թատրոնը հսկայական գիտություն է, բարդագույն մասնագիտություն: Թատրոնն արդյունաբերություն է, և հենց դրա համար մենք ուզում ենք, որ դուք մուտք գործեք կուլիսներ, թատերական արտադրամասեր, հարդարանքի սենյակներ և տեսնեք, թե ինչպիսի մեծ գործարան է աշխատում մեկ ներկայացում պատրաստելու համար: Ես չգիտեմ, թե ի վերջո դուք ինչ մասնագիտություն եք ընտրելու, բայց կարծում եմ, որ բեմի վարպետները փորձելու են ձեզ տալ ամենակարևորը՝ հետաքրքիր լինելու արվեստը, որը բոլոր մասնագիտություններում հաջողության գրավականն է»,- եզարափակել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Այնուհետև ծրագրի մենթորները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Դավիթ Հակոբյանը, ռեժիսոր, դերասան Լիլի Էլբակյանը, դերասան, պարող Ստեփան Ղամբարյանը ողջունել են աշակերտներին, ծանոթացրել ծրագրի մանրամասներին և առաջիկա անելիքներին:
Նշենք, որ երկշաբաթյա ծրագրի ընթացքում աշակերտները կաշխատեն խմբերով՝ իրենց մենթորների ղեկավարությամբ, կունենան բեմական խոսքի և դերասանի վարպետության դասեր։ Հուլիսի 31-ին որպես ծրագրի եզրափակում խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում ստեղծված ներկայացումները։
Հիշեցնենք, որ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2019 թվականին։ Համավարակի ժամանակ ծրագիրն ունեցել է երկու առցանց փուլ։