Հուլիսի 19-ից Մեծ Բրիտանիայում կվերացվեն կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վերջին ներքին սահմանափակումները: Ըստ ծրագրի՝ սահմանափակումների վերացման չորրորդ փուլը պետք է սկսվեր հունիսի 21-ին, սակայն այն հետաձգվեց հնդկական «դելտա» շտամի տարածման պատճառով՝ տեղեկացնում է BBC-ն:
Այսօրվանից վերացվելու են հարսանիքների և հուղարկավորությունների մասնակիցների թվի սահմանափակումները, փաբերում և ռեստորաններում հնարավոր կլինի սնունդ և խմիչք պատվիրել վաճառասեղանների մոտ, կչեղարկվեն նաև այցելուների գրանցման պահանջները: Բացվում են գիշերային ակումբները, կազմակերպիչներից այլևս չի պահանջվի սերտիֆիկատ զանգվածային միջոցառումների համար, իսկ գրասենյակային աշխատողներին խորհուրդ չի տրվի աշխատել տնից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսաուղերձում նշել է, որ այժմ սահմանափակումները վերացնելու համար ամենալավ ժամանակն է, քանի որ եթե դա հետաձգվի մինչև աշուն կամ ձմեռ, «ցուրտ եղանակի պատճառով վիրուսը նորից կակտիվանա»:
Միաժամանակ վարչապետը հորդորել է քաղաքացիներին՝ պատվաստվել COVID-19-ի դեմ: Բրիտանացի մասնագետները զգուշացնում են, որ պատվաստված բնակչության ներկա տվյալների դեպքում սահմանափակումների վերացումը կարող է հանգեցնել վարակի անվերահսկելի աճի: