Նոր հնարավորություն հայկական արտադրության ֆիլմերը վաճառելու կամ օտարերկրյա վարձակալներին տրամադրելու համար: Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս տարի տաղավար ունի Կաննի կինոփառատոնի՝ ամենամյա Marche՛ du Film կինոշուկայում: Ճիշտ է՝ տաղավարն առցանց է, բայց արդեն հասկացել են՝ հայկական ֆիլմարտադրողներով հետաքրքրվողները բավական շատ են:
Աշխարհի ամենահին ու խոշոր այս կինոշուկան 2021-ին աշխատելու է հիբրիդային եղանակով, համավարակով պայմանավորված մասնակիցները ներկայությունը կապահովեն հեռավար։ Հայաստանը սեղմ ժամկետում կարողացել է Marche՛ du Film-ի կայքի համար պատրաստել առցանց տաղավար և առանձին կատալոգ: Ազգային կինոկենտրոնին ֆինանսական աջակցություն հատկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Համաշխարհային հեղինակավոր կինոշուկայում ներկայացված են ոչ միայն արդեն պատրաստի ֆիլմերը, այլ նաև զարգացման ու հետարտադրական փուլերում գտնվող նախագծերը: Պրոդյուսեր Անի Որսկանյանը չի առանձնացնում Marche՛ du Film-ում ներկայացված ֆիլմերը, հայկական են, ուրեմն բոլորն էլ լավն են՝ ասում է նա, ընդարձակ ցանկից միայն հինգ ֆիլմ իր պրոդյուսերությամբ է նկարահանվել:
Մի քանի նման խոշոր համագործակցություն, և հնարավորությունը, որ միջազգային կինոարտադրողները կհետաքրքրվեն հայկական ֆիլմերով, հաստատ կմեծանա՝ համոզված պնդում են պրոդյուսերները: Հայաստանը գրավիչ ու հարմար է կինոնկարահանումների համար. առանց երկար ճանապարհ կտրելու՝ կարելի է հավերժական ձյան կողքին դալար մարգագետին և սաղարթախիտ անտառ նկարել:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան