Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021 թ․ զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքերը: Չնայած համավարակին ու պատերազմին՝ Հայաստանի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ՝ ասված է զեկույցում: Մեր երկիրը տեղ է գտել դասակարգման 3 խմբերից 2-րդում:
Սոֆի Բոստանչյան (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ) - Նախկինում մենք եղել ենք երկրորդում, բայց ավելի հետին հորիզոնական ենք զբաղեցրել: Անցած տարի իրականացված աշխատանքների արդյունքում բարելավել ենք մեր դիրքը, բայց մնացել ենք երկրորդում: Ենթադրվում է, որ մենք ունենք աշխատանքներ՝ բարելավելու մեր դիրքերը:
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումները մի քանի փուլով են իրականացվել, առաջինը օրենսդրական բարեփոխումներն են:
Սոֆի Բոստանչյան - Դրանց շրջանակներում մի շարք իրավական ակտեր են լրամշակվել, մասնավորապես՝ մենք երեխաների, թրաֆիքինգի ենթարկված զոհերի ուղղորդման մեխանիզմներն ենք հստակեցրել:
Փոփոխվել է նաև ֆինանսական աջակցության տրամադրման կարգը: Եթե նախկինում պետությունը ֆինանսական աջակցություն էր տրամադրում թրաֆիքինգի ենթարկված՝ 18 տարին լրացած անձին, հիմա այդ գումարից կարող են օգտվել նաև մինչև 18 տարեկանները: Աջակցությունը կազմում է շուրջ 250 հազար դրամ: Գումարը տրամադրվում է տարեկան 7 անձի:
Սոֆի Բոստանչյան - Նախարարությունն իրականացնում է նաև 2 ծրագիր: Առաջին ծրագիրը վերաբերում է նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններին: Թրաֆիքինգի զոհերը ստանում են կացարան, բնակության վայր, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություններ
2020-ին որպես թրաֆիքինգի զոհ նույնացվել է 9 անձ, 9-ն էլ հարկադիր աշխատանքի մասով, այդ թվում 5-ը՝ հարկադիր մուրացկանության զոհ․ 5-ը անչափահաս են․ 3-ը՝ կին, 6-ը՝ տղամարդ․ զոհերից մեկը օտարերկրացի է՝ Իրանից։ 2019 թ. եղել է թրաֆիքինգի 8 զոհ:
Նախորդ տարվանից գործում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի խորհուրդ: Հայաստանը կրկնապատկել է նաև թրաֆիքինգի դեմ պայքարի համար հատկացվող ֆինանսական միջոցները: Եթե նախորդ տարիներին այն կազմում էր շուրջ 19 մլն դրամ, 2020-ից սկսած հատկացվում է 40 մլն դրամ:
Տիգրան Պողոսյան (ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ) - Այս տարի մենք արդեն ունենք 7 քրեական գործ, որոնցից 4-ը վերաբերում են սեռական, 3-ը՝ աշխատանքային շահագործման: Արդեն իսկ այդ քրեական գործերից մեկն ուղարկվել է դատարան և այնտեղ գտնվում է քննության փուլում: Սեռական շահագործման գործերով ունենք 4 մեղադրյալ, բոլորն էլ կալանքի տակ են: Աշխատանքային շահագործման երեք գործերով ունենք 2 մեղադրյալ, գործերը քննության փուլում են:
Հետաքննվել է թրաֆիքինգի 16 գործ, (2019 թ. քննվել էր 11 գործ). որից 13-ը՝ հարկադիր աշխատանքի, 3-ը՝ սեռական թրաֆիքինգի մասով: (2019 թ. քննվել էր աշխատանքային թրաֆիքինգի 8 և սեռական թրաֆիքինգի 3 գործ): Մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ հարկադիր աշխատանքի համար: Դատարանը սեռական թրաֆիքինգի իրականացման համար մեկ անձի դատապարտել է 10-ը տարվա ազատազրկման:
Ադրբեջանի Քրեակատարողական հիմնարկի աշխատակից ներկայանալով՝ քաղաքացիներից մեկը չարաշահել է պատերազմի ընթացքում անհայտ կորած կամ գերեվարված զինծառայողների հարազատների վստահությունը:
Տիգրան Պողոսյան - Պահանջել էր, որ տրամադրեին սեռական բնույթի տեսաֆիլմեր, տեսանյութեր և այլն, և շատ ողջունելի է, որ այդ տուժողների մեծամասնությունը հասկացել էին, որ այդ տեսանյութերի մեծամասնությունը ֆոտոշոփ է, գրագրությունը դադարեցրել էին, եթե շարունակել էին, սեռական բնույթի որևէ տեսանյութ կամ լուսանկար չէին ուղարկել:
Պատկերը, որը կար 10-ը տարի առաջ, երբ անձինք ենթարկվում էին սեռական շահագործման ԱՄԷ-ում կամ Թուրքիայում, այժմ չունենք՝ նշում է Պողոսյանը:
Տիգրան Պողոսյան - Դատախազությունը շարունակական պայքար է վարում այս երևույթի դեմ, այս տեսակի հանցագործությւոնների դեմ՝ համապատասխան դատավարական ղեկավարում իրականացնելով քրեական գործերի նկատմամբ միջդատական վարույթում: Եվ դատարանում մեղադրանքը պաշտպանելիս:
Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետը նշում է՝ չնայած գրանցած հաջողություններին՝ անելիքներ շատ կան: Պետք է ավելացնել թրաֆիքինգի զոհերի նույնացման ջանքերը և խնդիրը ընկալելի դարձնել հասարակության լայն շերտերում: