Հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն մասին մասնագետները բարձրաձայնում են պարբերաբար, սակայն խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ:
Սննդի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացվել է երկօրյա խորհրդաժողով, որին մասնակցել են գիտական ու կրթական ոլորտների, միջազգային և հասարակական կազմակերպությունների՝ ի դեմս ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, բիզնես ոլորտի և ՍԱՏՄ ներկայացուցիչներ:
Մարդու օրգանիզմը կարող է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունություն ձեռք բերել ինչպես հենց այդ դեղամիջոցների, այնպես էլ դրանց՝ սննդում առկա մնացորդների օգտագործման արդյունքում։ Սա արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: 2013 թվականին ամբողջ մարդաբուժական պրակտիկայում օգտագործվել է մոտ 40 հազար տոննա հակաբիոտիկ, իսկ կենդանիների համար՝ 130 հազար տոննա: Կանխատեսվում է, որ, հաշվի առնելով մարդկանց աճով պայմանավորված անասնապահության զարգացման միտումները, 2030 թվականին կօգտագործվի արդեն 200 հազար տոննա հակաբիոտիկ:
Մինչդեռ աշխարհում արդեն կան մահացու դեպքեր՝ պայմանավորված կենդանուց մարդուն անցած հարուցիչներով՝ մանրէներով: Խորհրդաժողովի բանախոսները ներկայացրել են անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկների շրջանառությունը և առաջարկել դրանց վերահսկման մեխանիզմներ, գիտական ու լաբորատոր կենտրոնների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները, միջազգային փորձն ու նախատեսվող ծրագրերը: