Հունգարիայում Շաբոլչ Պանին բացահայտել է լրտեսական ինտրիգը և զենքի մութ գործարքները: Հնդկաստանում Փարանջոյ Գուհա Թակուրտան հետաքննել է կապերը բիզնեսի և քաղաքական շահերի միջև: Ադրբեջանում Սևինջ Վաքըֆքիզին բացահայտել է ընտրությունների արդյունքների կեղծումը՝ հաղորդում է OCCRP-ն:
Երեքն էլ աշխարհի տասնյակ լրագրողների և ակտիվիստների թվում են, որոնց սմարթֆոնները վարակվել էին Pegasus-ով՝ Իսրայելական NSO Group ընկերության արտադրած լրտեսող ծրագրով: Այն ի վիճակի է գաղտնի գողանալ անձնական տվյալները, կարդալ խոսակցությունները և միացնել խոսափողներն ու տեսախցիկներն ըստ ցանկության:
Հարձակումները բացահայտել է Pegasus Project-ը, որը 17 մեդիա կազմակերպությունների ավելի քան 80 լրագրողի միջազգային համագործակցություն է, ներառյալ՝ OCCRP-ն:
Պանիի, Թակուրտաի և Վաքըֆքիզիի հեռախոսները վերլուծել է Amnesty International-ի Անվտանգության լաբորատորիան և պարզել է, որ դրանք վարակված են եղել, երբ հայտնվել են ավելի քան 50,000 համարների ցուցակում, որոնց կառավարությունները թիրախավորել են NSO ծրագրային ապահովման միջոցով: Քրեագիտական վերլուծության միջոցով պարզվել են Pegasus-ի թիրախները:
Amnesty International-ի անվտանգության լաբորատորիան ուսումնասիրել է 67 հեռախոսի տվյալները, որոնց համարները ցանկում էին: 37 հեռախոս ցույց է տվել Pegasus-ի գործունեության հետքեր. 23 հեռախոս վարակված է եղել, իսկ 14-ում երևացել է թիրախավորման փորձի նշաններ: Մնացած 30 հեռախոսի համար թեստերն անարդյունավետ էին, որոշ դեպքերում հեռախոսները փոխարինելու պատճառով:
Տվյալներում ընդգրկված հեռախոսներից 15-ը Android սարքեր էին: Ի տարբերություն iPhone-ի, Android-ները չեն գրանցում Amnesty-ի հետաքննության աշխատանքի համար անհրաժեշտ տեղեկատվություն:
NSO Group-ը հերքել է իր լրտեսող ծրագրի օգտագործման չարաշահումը և վիճարկել է լրագրողների ստացած տվյալների հավաստիությունը: Խումբը պնդել է, որ Pegasus-ը վաճառվում է կառավարություններին՝ հանցագործներին և ահաբեկիչներին հետևելու համար՝ բազմաթիվ կյանքեր փրկելու նպատակով: Ընկերությունը, որը սերտ կապեր ունի Իսրայելի անվտանգության ծառայությունների հետ, հայտարարում է, որ իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելու չարաշահումը:
Բայց հանցագործներին հետապնդելու փոխարեն, ավելի քան 10 երկրում թիրախավորել են նաև քաղաքական հակառակորդներին, գիտնականներին, լրագրողներին, իրավապաշտպաններին, բժիշկներին և կրոնական առաջնորդներին: Չի բացառվում, որ NSO հաճախորդներն ընկերության ծրագրային ապահովումն օգտագործել են լրտեսություն իրականացնելու համար՝ թիրախավորելով օտարերկրյա պաշտոնյաներին, դիվանագետներին և նույնիսկ պետությունների ղեկավարներին: