Թուրքիայի նախագահ Էրդողանը երկօրյա այցով մեկնել է օկուպացված Հյուսիսային Կիպրոս՝ նշելու կղզի թուրքական ներխուժման 47-րդ տարելիցը: Այդ առիթով Կիպրոսի թուրքական իշխանությունները մեկուսացված առողջարանային Վարոշա քաղաքում հանել են հունական ցուցանակները՝ հայտնում է Ahval-ը:
Էրդողանը նշել է, որ այցի ընթացքում նախատեսում է «մեծ հայտարարություն» անել, ինչպես նաև սպասվում է, որ Վարոշայում մզկիթ կբացի: Թուրքական իշխանությունները Վարոշան հունական համայնքից մեկուսացրին, երբ 1974 թ. թուրքական ներխուժումից հետո Կիպրոսը բաժանվեց երկու մասի: Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը հոկտեմբերի սկզբին մասամբ վերաբացեց քաղաքը այցելուների համար և մաքրեց նրա լողափի մի մասը:
Վարոշայի վերաբացումը Հունաստանը, Եվրամիությունը և Միացյալ Նահանգներն ընդունեցին որպես ՄԱԿ-ի բանաձևի խախտում: ՄԱԿ-ի որոշմամբ՝ Վարոշայի որևէ հատվածը նոր բնակիչներով բնակեցնելու փորձերն անթույլատրելի են, քաղաքը պետք է անցնի Կիպրոսի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հսկողության ներքո:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն էլ հայտարարել է, որ Էրդողանի՝ Կիպրոսում ունենալիք ելույթով կորոշվի թուրք-հունական հարաբերությունների հետագա ընթացքը: