Ընտրական հանցագործության մի քանի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: ՀՔԾ տվյալով՝ Մասիս քաղաքի բնակիչ Հակոբյանն ընդգրկված լինելով «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական աշխատանքներում՝ մի շարք ընտրողների առաջարկել է կաշառք՝ իր ներկայացրած քաղաքական ուժի օգտին քվեարկելու համար:
Վահե Մարտիրոսյան (ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ) - Մի դեպքում այցելել է իր ծանոթի բնակարան, վերջինիս առաջարկել է որոշակի գումար՝ դրանով բենզին լիցքավորելու համար, ստանալով մերժում՝ հեռացել է:
Պարզաբանումներ պահանջելու հետ կապված խոսակցություն է եղել, ըստ էության, այդ դրվագով հաստատվել է, որ կոնկրետ Հակոբյանը քաղաքացուն առաջարկել է որոշակի գումար ընտրողներին կոնկրետ իր ներկայացրած քաղաքական ուժի օգտին կողմ քվեարկելու համար որոշակի գումար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Հակոբյանն ընկերոջը, նրա ընտանիքի 4 անդամին առաջարկել է 20 հազարական դրամ՝ որպես կաշառք ընտրություններին մասնակցեու, իր ներկայացրած ուժի օգտին քվեարկելու համար: Երկու և ավելի անձանց կաշառք առաջարկելու դրվագով նրան առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգքի համապատասխան հոդվածով, Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրգործով մեղադրանք է առաջադրվել նաև տարածաշրջանի մեկ այլ բնակչի:
Վահե Մարտիրոսյան - Նախքան ընտրության կայացումը, հունիսի 15-16-ից սկսած, սկսել է ծանոթների շրջապատում տեղեկություններ տարածել, որ ընտրություններին մասնակցելու համար կարող են առաջարկել որոշակի գումար՝ մասնակցելու և իր ներկայացրած քաղաքական ուժին կողմ քվեարկելու համար: Մոտ 10 անձանց առաջարկել է կաշառք՝ յուրաքանչյուրին 20 հազար դրամ:
ՀՔԾ տվյալով՝ կաշառք է առաջարկվել նաև տարածաշրջանի բնակիչներից Գալուստյանին և Բաղդասարյանին, նրանց միջոցով նաև ազգականներին ու ծանոթներին «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Մասիսցի կինը կալանավորվել է, իսկ նշված երկու անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Վահե Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՔԾ վարույթում ընտրական հանցագործությունների դրվագով կան ևս մի քանի քրեական գործեր. նախաքննությունը շարունակվում է:
Վահե Մարտիրոսյան - Նախաքննության շահերից ելնելով՝ չեմ կարող մանրամասներ ասել: Հստակ կարող եմ ասել, որ մեղադրվող անձինք կան, որոնց մի մասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ընտրակաշառք առաջարկելն ու տալը ծանր հանցագործություն է. արարքի համար քրեական օրենսգիրքը սահմանում է առավելագույնը 7 տարի ազատազրկում: