Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է այցելել Ռուսաստան: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նման այց է նախապատրաստվում: Նա ընդգծել է, որ այցն աշխատանքային է, և դրա ընթացքում չի նախատեսվում որևէ փաստաթղթի ընդունում:
*****
Կատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության և Թալիբանի պատվիրակությունների միջև կայացած բանակցությունների ժամանակ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հուլիսի 20-ից կարճատև հրադադար հաստատելու և բանտարկյալներին ազատ արձակելու հարցում: Հանդիպման ընթացքում Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման պատվիրակությունները համաձայնել են Կատարում բանակցությունների նոր փուլի ընթացքում փոխզիջման հասնել իսլամական սկզբունքների հիման վրա՝ ի շահ աֆղանցիների:
*****
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկօրյա այցով մեկնել է օկուպացված Հյուսիսային Կիպրոս: Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակությունը: Էրդողանը խոստացել է կարևոր հայտարարություն անել հուլիսի 20-ին: Այդ օրը թուրքական Կիպրոսը նշում է 1974 թվականին Թուրքիայի զորքերի ափհանման օրը, ինչն, իրականում, Թուրքիայի զինված ներխուժումն էր Կիպրոս, կղզու հյուսիսային հատվածի օկուպացիան: Անկարան դա ներկայացնում է հույն ազգայնականների հեղաշրջումից Կիպրոսի թուրք բնակչությանը պաշտպանելու գործողություն. մինչ օրս Կիպրոսը մասնատված է երկու՝ հունական և թուրքական հատվածների։ Նախորդ շաբաթ առաջին անգամ թուրքական օկուպացիայի տակ գտնվող Հյուսիսային Կիպրոս էր մեկնել նաև ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունը: Վերլուծաբանները նման այցը որակում են Ադրբեջանի շնորհակալությունը Թուրքիային՝ Արցախյան վերջին պատերազմում ցուցաբերած աջակցության դիմաց:
*****
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Վրաստանում հանդիպել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Վրաստանում իրավիճակը լարված է, ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը: Եվրամիությունը դատապարտում է Վրաստանում կատարվածը, նաև Գերագույն դատարանի դատավորների նշանակումը, ինչի պատճառով Թբիլիսին կարող է զրկվել ԵՄ ֆինանսական աջակցությունից: Շառլ Միշելի խոսքով՝ դատական ոլորտի բարեփոխումներն են ԵՄ կողմից Վրաստանի համար նախատեսված մակրոտնտեսական օգնության կարևոր պայմանը: Նախքան Վրաստան այցը՝ Ադրբեջանում Շառլ Միշելը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ և նշել, որ Եվրամիությունը պատրաստ է դրական դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում:
*****
Գերմանիայի Կանցլերը սյուրռեալիստական ու սարսափելի է անվանել ջրհեղեղից առավել տուժած տարածքներում իր տեսած պատկերները: Գերմաներենը դժվար թե ունենա բառեր՝ նկարագրելու ավերածությունները՝ ասել է Անգելա Մերկելը՝ Ադենաու քաղաք այցելելիս: Ջրհեղեղը խլել է 150-ից ավելի մարդու կյանք: Կանցլերը խոստացել է արագ կարգավորել փոխհատուցումների և վերականգնման հարցը: