Կայուն զբոսաշրջությունը Հայաստանում զարգացման միտում ունի․ Ագրո-, էկո- և գաստրոզբոսաշրջությունը կարող է գյուղական համայնքներում հավելյալ եկամտի աղբյուր դառնալ։ Անհրաժեշտություն կա զբոսաշրջային այս ուղղություններում բարձրացնել ծառայությունների որակը։ Դրան է միտված «Ագրո- և էկոտուրիզմի զարգացումը ՀՀ գյուղական համայնքներում» ծրագիրը։
Լուսինե Նալբանդյան (ագրոէկոլոգ, փորձագետ) - Միջազգային ծրագիր է, որն իրականացվում է Վիշեգրադ միջազգային ֆոնդի աջակցությամբ, իրականացվում է Լեհաստանի, Հայաստանի, Հունգարիայի, Չեխիայի և Սլովակիայի երկրների համագործակցության արդյունքում, և մենք օգոստոսի վերջին կունենանք փորձագետներ այդ երկրներից, ովքեր կսովորեցնեն այդ երկրների լավագույն փորձը։
Ծրագիրը ներառում է դասընթացներ։ Առաջինն ուղղված է կայուն զբոսաշրջության սկզբունքներին, ծառայության մատուցման առանձնահատկություններին՝ համայնքը ճիշտ ներկայացնելուց մինչև սննդի պատրաստում:
Քնարիկ Գրիգորյան («Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ) - Այսօր մենք այս կազմակերպությունների հետ մանրամասն կքննարկենք սննդի կազմակերպման, անարատ և օրգանական սննդամթերքի ստացման, պահպանման, պատրաստման խնդիրները:
Դասընթացի մասնակիցները գյուղական տարբեր հյուրատների ներկայացուցիչներ են, զբաղվում են կամ հետաքրքրված են ագրո- և էկոզբոսաշրջությամբ:
Սեդրակ Եգանյան («Եգանյանների հյուրատուն և գինու» բակի հիմնադիր) - Մեզ գրավեց էս դասընթացը, որը վերաբերում Է ագրոտուրիզմին, և մենք ուզում ենք լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերել հենց ագրոտուրիզմի վերաբերյալ և այդ փորձը կիրառել նաև մեզ մոտ։
Ծրագրի մասնակիցները օգոստոսին հնարավորություն կունենան հանդիպել արտասահմանցի փորձագետների հետ, որոնք կներկայացնեն իրենց երկրների լավագույն փորձը։ Որոշներն արդեն կիրառում են նախորդ այցի ընթացքում ձեռք բերած հմտությունները։
Գոհար Մովսեսյան («Բարի ֆարմ» ընկերության հիմնադիր) - Հնարավորություն եմ ունեցել ծրագրի շրջանակներում լինել եվրոպական չորս երկրներում, ուսումնասիրել ենք օրգանական տնտեսություններ, որոնք հյուրընկալում էին զբոսաշրջիկների, և՛ հյուրատուն ունեին, և՛ համտեսի սրահ ունեին: Շատ հետաքրքիր էր կազմակերպված, փորձում եմ այդ փորձը տեղափոխել Հայաստան, կոնկրետ իմ տնտեսությունում։
Հայաստանի ագրո- և էկոզբոսաշրջության գրավչությանը նվիրված տեսաֆիլմ է պատրաստվել։ Այն կթարգմանվի ծրագրի մասնակից չորս երկրների լեզուներով և անգլերեն։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան