Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու հարցով թուրք-ամերիկյան բանակցությունների ֆոնին լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Թուրքիան սիրիացի վարձկաններ կտեղափոխի Աֆղանստան՝ գրում է ermenihaber-ը:
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է տվել ընդդիմադիր հայացքներով թուրք լրագրող Ֆեհմի Թաշթեքինը:
«Պնդումների համաձայն՝ սիրիացի զինյալներին որպես աշխատակից գրանցելու են թուրքական անվտանգության մասնավոր ընկերություններում: Եթե համաձայնությունը Քաբուլի օդանավակայանի պահպանության հարցով իրականություն դառնա, սեպտեմբերից նրանց կսկսեն կտեղափոխել Աֆղանստան: MİT-ը՝ Թուրքիայի հետախուզական ծառայությունը, Քիլիսի շրջանում 6 սիրիական զինված խմբավորման հետ հանդիպումներ է անցկացրել ու հանձնարարել, որ նախապատրաստվեն առաջին փուլում 2000 զինյալի տեղափոխությանը: Վարձատրության մասին համաձայնություն կա»,- ասել է Թաշթեքինը:
Նա նաև նշել է, որ այս խոսակցությունները դեռ պնդումներ են, և վաղ է դրանց մասին խոսելը՝ միաժամանակ հիշեցրել է, որ Լիբիայի դեպքում էլ սկզբում հերքեցին զինյալներ տեղափոխելու մասին լուրերը, հետո հաստատվեցին:
Թաշթեքինը խոսել է նաև Աֆղանստան վարձկան զինյալներ տեղափոխելու հարցում Անկարայի դրդապատճառների մասին: «Թուրքական ռազմական ներկայությունն Աֆղանստանում հասնում է 600 զինվորի: Օդանավակայանը Թուրքիան արդեն 4-5 տարի կառավարում է: Ընդ որում՝ ավելի շատ ոչ թե պահպանություն է իրականացնում, այլ աշխատեցնում է: Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ նոր համալրում չի լինելու: Բայց ինչպես են ծրագրում իրականացնել այդ մեծ օպերացիան: Այստեղ էլ առաջանում է զինյալներ տեղափոխելու մասին խոսակցությունը: Իսկ դրա համար Անկարան ցանկանում է գումար ստանալ ՆԱՏՕ-ից»,- ասել է լրագրողը: