Վերջին մի քանի օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաքուն կրկին փորձում է իրավիճակը տանել սրման, և դա, եթե կարելի է նման կերպ արտահայտվել, ունի իր «օբյեկտիվ» պատճառները։ Խոսքը, մասնավորապես, այն «պատասխանի» մասին է, որը Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տարածել էր՝ «պատասխանելով» Նիկոլ Փաշինյանին և ըստ էության պնդելով, թե հավակնություններ ունի բուն Հայաստանի տարածքների նկատմամբ։ Ճիշտ է, հայկական կողմի արձագանքը երկար սպասել չտվեց, և արդեն այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար»։
Որ ադրբեջանական կողմը ոչ միայն փորձում է փոխել կամ ձևախեղել գոյություն ունեցող քաղաքական օրակարգը՝ նորություն չէ, և դա բազմիցս ընդգծել են տարբեր փորձագետներ։ Ակնհայտ է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքուն ամեն ինչ անում է՝ հավատացնելու համար, թե հակամարտությունը լուծված է, Արցախյան հիմնախնդիր այլևս գոյություն չունի, և միակ լուծվելիք խնդիրը Հայաստանի հետ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումն է։ Ճիշտ է, հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ նման համաձայնագրի մասին խոսելն անհեթեթ է, քանի որ նախ՝ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ և չի էլ լինելու, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակը, բացի դրանից՝ Բաքուն ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ այլ խողովակներով որևէ համաձայնագրի քննարկման առաջարկ չի արել։
Այսուհանդերձ, հարկ է նկատել, որ վերջին շրջանում Բաքվի գործողություններում նկատվում է որոշակի եթե չասենք՝ խուճապ, ապա առնվազն շտապողականություն, և դա, ինչպես արդեն նշվեց, ունի իր պատճառները։ Նախ՝ Ադրբեջանի համար անսպասելիորեն գրեթե օրեցօր ավելանում է Բաքվի վրա միջազգային ճնշումը՝ կապված բանակցությունները վերսկսելու հետ։ Այս հանգամանքը երկու առումով է անհանգստացնում Ադրբեջանին։ Նախևառաջ, այս ճնշումը բավական անսպասելի էր, քանի որ հատկապես պատերազմի օրերին միջազգային հանրության անատամ արձագանքը Ալիևին թույլ էր տալիս մտածել, որ այդ առումով իրավիճակը մնալու է անփոփոխ, և բավական է միայն հայտարարել, թե հակամարտությունն ավարտված է։ Պարզվեց՝ դա այդպես չէ։ Երկրորդ՝ գուցե ոչ այնքան կենսական, սակայն մտահոգվելու տեղիքը կարող է լինել ներքաղաքական, քանի որ Ալիևն իր երկրի հանրությանը գրեթե համոզել է, որ հակամարտությունն անցյալում է, և եթե օրերից մի օր բանակցությունները վերսկսվեն, ապա Ադրբեջանի նախագահը կհայտնվի չափազանց անհարմար վիճակում։
Այս ամենը, ինչպես նաև տարածաշրջանում իրավիճակի փոփոխության խելահեղ արագությունը հաշվի առնելով՝ Բաքուն, ինչպես ընդգծված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, փորձում է օրակարգը փոխել՝ հույս ունենալով, որ հակամարտության տեղափոխումը Հայաստանի անմիջական սահմաններին կկարողանա Արցախի խնդրից շեղել թե՛ պաշտոնական Երևանին, թե՛ միջնորդներին, որոնք իրենց վերաբերմունքը Բաքվի նոր քաղաքականության նկատմամբ ցույց տվեցին՝ հրաժարվելով այցելել Շուշի և Արցախի բռազավթված մյուս տարածքներ։