Սահմանադրական դատարանի՝ արտահերթի արդյունքներն անփոփոխ թողնելու որոշումից հետո, ԿԸՀ-ն այս շաբաթ նիստ կգումարի, կհանձնի Ազգային ժողով անցած ուժերի մանդատները: Նոր խորհրդարանի պաշտոնական ձևավորվման փաստն ու նորընտիր պատգամավորների անունները կարձանագրվեն հենց այդ նիստում:
Ըստ այդմ՝ նոր՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն, ամենայն հավանականությամբ, կկայանա օգոստոսի 2-ին: ԿԸՀ որոշմամբ՝ նոր խորհրդարանը կազմված կլինի 107 պատգամավորից։ 71 մանդատ կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 29-ը՝ «Հայաստան», 7 մանդատ էլ «Պատիվ ունեմ» դաշինքը: Բայց մինչև դա, հուլիսի 21-ը ներառյալ, ընտրական հանձնաժողովն ընդունելու է ինքնաբացարկի դիմումները:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը բացատրում է՝ այս ժամկետը տրամադրվում է քաղաքական ուժերին, որ նրանք որոշեն, թե նախընտրական ցուցակներում ներառված անձանից ով է լինելու խորհրդարանում: Իշխանություն ձևավորող ուժի դեպքում էլ՝ ով է գնալու գործադիր, իսկ ով է մնալու օրենսդիրում:
Քվեների 53,91 տոկոսն ստացած «Քաղաքացիական պայմանագրում» առայժմ չեն նշում, թե ով որտեղ կշարունակի իր աշխատանքը: Կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը «Լուրերին» տեղեկացրեց՝ ՔՊ-ն դեռ վերջնական որոշում չունի: Սակայն հաստատեց՝ իրենց ուժն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում տեսնում է Ալեն Սիմոնյանին, Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին էլ՝ որպես փոխնախագահ:
21,09 տոկոս ձայներով խորհրդարան անցած երկրորդ ուժից՝ «Հայաստան» դաշինքից էլ մինչև աշխատանքային օրվա ավարտը չարձագանքեցին՝ արդյո՞ք վերցնելու են մանդատները և ի՞նչ որոշում ունի այդ մասին դաշինքը գլխավորող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վերջինն էլ «Պատիվ ունեմն» է, թեև դաշինք հավաքել էր 5,22 տոկոս ձայն ու չէր հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոս, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան: Մանդատներ վերցնելու վերջնական որոշում Արթուր Վանեցյանի գլխավորած ուժում էլ դեռ չունեն, «Լուրերին» փոխանցեցին՝ այդ մասին կհայտնեն առաջիկայում: