Դավթաշեն վարչական շրջանի 8 հասցեներում բնակիչներն այսուհետև էլեկտրաէներգաիայի գումար ավելի քիչ կվճարեն՝ շնորհիվ արևային ֆոտովոլտային կայանների:
Սաշա Կատվալյան (Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) - Արևային պանելներից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ ապահովվում է շենքի շքամուտքերի և միջհարկային տարածությունների լուսավորությունը: Շենքի վերելակները դառնում են ամբողջությամբ անվճար բնակիչների համար, ինչպես նաև յուրաքանչյուր շենքի շքամուտքի մոտ տեղադրվել են մեկական դրսի լույսեր:
Ծրագրի շահառու շենքերում ֆոտովոլտային կայաններին զուգահեռ տեղադրվել են հատուկ հաշվիչներ, որոնք ավելորդ հոսանքը վաճառում են ՀԷՑ-ին, արդյունքում կատարվում է հետգնում:
Սաշա Կատվալյան - Այս ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Սա առաջին փուլն էր. առաջին փուլով Դավթաշենում 8 հասցեներում տեղադրվեցին այսպիսի կայաններ: Հաջորդ փուլով նախատեսվում է ևս 10 շենքի վրա տեղադրել ֆոտովոլտային կայաններ:
Ֆոտովոլտային կայանների տեղադրումն իրականացվում է քաղաքապետարանի՝ «Եվրոպական միությունը Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի կողմից: Բյուջեն կազմում է 1.250.000 եվրո, որից 250.000 եվրոն համաֆինանսավորել է Երևանի քաղաքապետարանը:
Մերի Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումների ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար) - Ծրագիրն իրականացվում է բոլոր վարչական շրջաններում՝ բացառությամբ Նորք-Մարաշ վարչական շրջանի, քանի որ ծրագրի շահառու հանդիսանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք չափորոշիչների, որոնցից մեկն է 9-14 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր ունենալու հանգամանքն էր:
Ծրագրով նախատեսվում է մոտ 100 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր: Շենքերի ընտրությունը պայմանավորված է դիրքի նպաստավորությամբ, տանիքների հիմնանորոգմամբ և բնակիչների 2/3-ի համաձայնությամբ:
Մերի Հարությունյան - Մինչ այս պահը բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրված չեն եղել: Այդ իմաստով, նախադեպային և կրնկօրինակման ենթակա ծրագիր է լինելու: Մեր ծրագրի հիմնական նպատակը կանաչ էներգիայի օգտագործումն է և բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը:
Ծրագրի արդյունքում բազմաբնակարան շենքերի շուրջ 25.920 բնակիչ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարի ավելի քիչ, կունենա կենցաղավարության ավելի լավ պայմաններ:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան