Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածաշրջանային այցը, որը մեկնարկեց Երևանով և Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներով, չափազանց կարևոր էր՝ հատկապես այն շեշտադրումների առումով, որոնք արվեցին թե՛ բանակցությունների ընթացքում, թե՛ դրանց ավարտից հետո: Ընդ որում՝ խոսքը միայն Հայաստանին Եվրամիության տրամադրվելիք 2 մլրդ 600 մլն եվրոյի չափով օժանդակության մասին չէ՝ չնայած, որ այդ ծրագիրը, բացի տնտեսական բաղադրիչից, ունի նաև հստակ քաղաքական ենթատեքստ: խոսքը, մասնավորապես, Սյունիքի դիմակայության ամրապնդման նպատակով առանձին շեշտադրման, ինչպես նաև Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի շինարարության համար հատկացվելիք 600 մլն եվրոյի չափով օժանդակության մասին է: Ըստ էության, սա նշանակում է, որ Միացյալ Եվրոպան տարածաշրջանում փորձելու է զգալիորեն ավելացնել իր ներգրավվածությունը՝ այդ կեպ նաև գրեթե ուղիղ ակնարկելով, որ մտադիր չէ դիտորդի դեր ստանձնել, եթե որևէ մեկը փորձի ապակայունացնել տարածաշրջանը: Իսկ նման վտանգ, համենայնդեպս ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, կա և այն բավական առարկայական է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Երկրորդ ու չափազանց կարևոր ուղերձ, որ հնչեցրեց Եվրախորհրդի նախագահը, կապված էր Արցախյան խնդրի կարգավորման, ավելի ճիշտ՝ դրա չկարգավորված լինելու հետ: Ըստ էության, Շառլ Միշելը հաստատեց, որ Եվրոպան համամիտ է Երևանի հետ առնվազն երկու հարցում՝ հակամարտությունը կարգավորված չէ, իսկ կարգավորման համար անհրաժեշտ է վերսկսել բանակցություններ միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀկ Մինսկի խմբի շրջանակում:
Շառլ Միշել (Եվրախորհրդի նախագահ) - Բնականաբար, բոլորս ազդված ենք պատերազմից, որը հարվածել է Հայաստանին, բոլոր նրանց իրավիճակից, ովքեր այս կամ այն կերպ տուժել են դրանից: Ի դեպ, այստեղ ցանկանում եմ իմ հարգանքի տուրքն արտահայտել բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին: Այս առումով կարևոր է որոշ թեմաներ առանձնացնել, և ցանակում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի շրջանակներում կատարված աշխատանքներին: Մենք ցանկանում ենք ոգեշնչել Մինսկի խմբին՝ շարունակել աշխատանքները և տեսնում ենք չորս թեմա, որոնք պետք է արծարծվեն կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի կայունություն և բարգավաճում բերվի այս տարածաշրջանին և լուծվեն լուրջ հիմնախնդիրներ:
Միշելի խոսքից կարելի է ենթադրել, որ Եվրամիությունն արդեն որոշակիացրել է իր դիրքորոշումը և այն արտահայտված է նշված չորս կետերով՝ ագրեսիվ հռետորաբանության նվազեցում, սահմանային որոշ հատվածներում զորքերի հետքաշում ու սահմանների հստակեցում, կոմունիկացիաների ապաշրջափակում և խաղաղ բանակցությունների միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցում: Ճիշտ է, բոլոր այս կետերի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, քանի որ Բաքուն նմանատիպ բոլ;որ առաջարկների մինչ այս պահը կամ առհասարակ չի արձագանքել, կա՛մ էլ հանդես է եկել տրամագծորեն հակառակ պնդումներով, ինչն, ի դեպ, ըստ որոշ փորձագետների, արդեն սկսել է նյարդայնացնել Արևմուտքին, որը, և դա երևաց նաև Շառլ Միշելի այցից, փորձում է հաստատվել տարածաշրջանում: