Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ միսնկի խմբի շրջանակում: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ ասուլիսին այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը: Խոսելով տարածաշրջանային կայունությունից՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց միջազգային միջնորդների՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որում համանախագահները կոչ էին արել վերսկսել քաղաքական երկխոսությունը և հատուկ ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա:
Եվրամիությունը պատրաստ է աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կատարվող աշխատանքներին՝ սա էլ հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահը: Տարածաշրջանային իր այցը Հայաստանից սկսած Շառլ Միշելն այս համատեքստում 4 թեմա առանձնացրեց, որոնց, ըստ նրա, պետք է ուշադրություն դարձնել՝ կայունություն ու բարգավաճում ապահովելու և հիմնախնդիրը լուծել համար: 4-րդը հենց կարգավիճակի մասին էր:
Շառլ Միշել, Եվրոպական խորհրդի նախագահ - 4-րդ կետը՝ ավելի ընդհանուր, պետք է հնարավոր լինի արծարծել նաև կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը, և ես շատ ուշադիր եմ այն թեմաներին, որոնք դուք ներկայացրեցիք, ինչպես, օրինակ, մշակութային ժառանգության հարցը, որը, թերևս, հնարավոր լինի լուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման հաստատությունների աջակցությամբ: Մենք առիթ ենք ունեցել շատ խորքային քննարկում ունենալ տարբեր թեմաների շուրջ, և ցանկանում եմ վարչապետին շնորհակալություն հայտնել անկեղծության, գործակցության համար: Ես վաղն առիթ կունենամ լինելու Ադրբեջանում և այդ երկրի իշխանությունների հետ մտքերի փոխանակում ունենալ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ վստահեցնել, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի կողքին լինել, կառուցողական և հավատարիմ գործընկեր լինել, որպեսզի աջակցի կարգավորելու հարցերը, նաև նպաստի ժողովրդավարության, մարդկային արժեքներն առաջ տանելուն, վերջապես հասնելու բարօրության և կայունության:
Ըստ եվրոպացի պաշտոնյանի՝ հարցի կարևոր բաղադրիչներից է նաև սահմանազատման աշխատանքների, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություների շուրջ քննարկումներ սկսելը: Շառլ Միշելն ընդգծեց՝ պետք է խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից՝ այս համատեքստում, որպես օրինակ, նշելով ռազմագերիների հարցը:
Շառլ Միշել - Վերջին շաբաթների ընթացքում Եվրամիությունն իր այլ գործընկերների հետ առիթ է ունեցել քննարկելու գերիների, ինչպես նաև ականապատման քարտեզների հարցը: Հուսով ենք, որ հնարավոր կլինի պատասխանատու և դրական կերպով առաջ գնալ այս հարցի շուրջ:
Հայ ռազմագերիներին Բաքվում պահելով՝ Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, նաև նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, նկատեց՝ սակայն միայն սրանով պաշտոնական Բաքվի գործողությունները չեն սահմանափակվում: Հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործում Ադրբեջանը ևս խոչընդոտներ է առաջացնում՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև, ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար: Մենք ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը:
Սահմանային կրակոցներին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահը երեք օր առաջ էլ Հայաստանի ինքնիշխան տարածքների՝ Զանգեզուրի, Սևանի ու Երևանի նկատմամբ հավականոտ հայտարարություններ արեց: Լրագրողի այս դիտարկմանը վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց՝ այդ երկրի քաղաքականությունն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի գրեթե բոլոր հարևանների նկատմամբ, ինչը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև, ընդհանրապես, տարածաշրջանի համար:
Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ՝ այստեղ ընդամենը քաղաքական հռետորաբանության հարց չէ, և երբ ուսումնասիրում ենք, թե ինչ են դասավանդում Ադրբեջանի դպրոցներում, տեսնում ենք, որ հարևանների նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը միայն Հայաստանի նկատմամբ չէ, այլ Ադրբեջանի հարևանների մեծամասնության նկատմամբ է: Էլ չեմ ասում, որ վերջերս բացված խայտառակ, այսպես կոչված, «ավարների պուրակի» մասին, որտեղ երեխաներին տանում են էքսկուրսիայի: Դա, իհարկե, Ադրբեջանի հարևանների նկատմամբ ատելության շարքում Հայաստանը և հայությանը դնում է առաջին տեղում:
Եվրոպական խորհրդի նախագահն այստեղ կրկին շեշտեց ագրեսիվ հռետորաբանությունից խուսափելու անհրաժեշտությունը, հիշեց Եվրոպական միության պատմությունը: Նախկին հակամարտությունների հաղթահարմամբ միայն հնարավոր եղավ առաջընթաց արձանագրել՝ նկատեց Միշելը:
Շառլ Միշել - Հիշատակվեց մի կարևոր տարր: Իմ կարծիքով՝ պետք է խթանել տարածաշրջանային գործակցությունը: Օրինակ՝ տրանսպորտային հատվածի խնդիրները. ես գիտեմ, որ կան երկաթգիծը ներառող ծրագրեր: Սա կարող է լինել մեկ հնարավոր հատված, որով կարելի է երկխոսություն ծավալել: Ես չեմ թերագնահատում դժվարությունները, ես քաջ գիտակցում եմ, թե որոնք են խոչընդոտները և դժվարությունները, բայց քաղաքական կամքի առկայությունը, թերևս, այստեղ կարևոր է: Դա չի նշանակում՝ մեկ օրվա մեջ ամեն ինչ և ամեն հարց լուծել, սա ժամանակ կպահանջի, դժվարություններ ու խոչընդոտներ կլինեն, բայց առաջինը փորձելն է՝ ավելի լավ փոխադարձ ըմբռնում ձևակերպել, փորձել գտնել որոշակի լուծումներ:
Վերջին մեկուկես ամսում սա Փաշինյան-Միշել արդեն երկրորդ հանդիպումն է: Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ինտենսիվ չեն եղել: Տնտեսական բաղադրիչներից էլ առանձնացրեց 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթը, որ ԵՄ-ն տրամադրելու է Հայաստանին: Գումարն ուղղվելու է 7 ծրագրի իրականացմանը՝ Հյուսիս-հարավի կառուցում, հարավային շրջանների դիմակայունության ամրապնդում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերում, բնապահպանական խնդիրների լուծում և այլն:
Եվրոպական խորհրդի նախագահն էլ կարևորեց ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն ու նկատեց՝ լավատեսական է տրամադրված՝ հիմնվելով Հայաստանից եկող ազդակների վրա: Երևանից արդեն Շառլ Միշելը կմեկնի Բաքու, ապա Թբիլիսի: