Տարրական մասնիկների ֆիզիկան Հայաստանում հեռանկարային ուղղություն է: Բարձր էներգիաների այս ուղղությունն ուսումնասիրում է տարրական մասնիկների փոխազդեցությունների կառուցվածքը: Հիմքում՝ դաշտի քվանտային տեսությունն է։
Տարրական մասնիկների ֆիզիկոս Արթուր Ապրեսյանը տասը տարուց ավելի Միացյալ Նահանգներում զբաղվում է գերճշգրիտ դեդեկտորների մշակման ծրագրերով: Ֆերմիլաբի առաջատար գիտաշխատողը միացել է սփյուռքահայ գիտնականների նախաձեռնությանը, կնոջ հետ եկել Հայաստան: Մինչև սեպտեմբեր տեղի ֆիզիկոսների հետ կմշակի մի քանի ծրագիև, որից հետո համատեղ թեզեր կառաջարկեն աշխարհին՝ տարրական մասնիկների ֆիզիկայի բնագավառում:
Պայծառը մթնոլորտային ֆիզիկոս է: Պուրդուի համալսարանում դոկտորական աշխատանքից հետո Չիկագոյի ազգային գիտական լաբորատորիայում հետազոտում է մթնոլորտն ու կլիման: Հիմա այն առավել թիրախային ուղղություն է գլոբալ տաքացման ֆոնին:
Ֆիզիկոսի ուսումնասիրության թիրախը մոլորակի սահմանային շերտն է՝ հեռավար դիտարկումների միջոցով։ Միաժամանակ ղեկավարում է դիտարկումային դաշտային աշխատանքները։ Երկու շաբաթում այստեղ հասցրել է լինել գիտական տարբեր կառույցներում, նաև՝ դասախոսություններ կարդալ ուսանողների համար: Նա ևս միացել է Հայաստան գալու արշավին՝ գիտական խմբերի հետ նոր աշխատանքներ իրականացնելու համար:
Արթուրի և Պայծառի հայաստանյան ծրագրերի առանցքում ուսանողներն են: Ստեղծել են ֆիզիկայի շրջանավարտների միություն՝ երկարաժամկետ միջազգային գործակցության նպատակով, կիրականացնեն ուսանողների փոխանակման ծրագրեր: Նման փորձ ունեն՝ 2015-ին հաջողել են միջազգային ծրագրով վերապատրաստել ապագա ֆիզիկոսների Միացյալ Նահանգներում:
Պատրաստ են մնալ, աշխատել տեղի հետազոտական կենտրոններում, միջազգային փորձը ներդնել Հայաստանում: Խնդիրը գումարի ակնկալիքը չէ, պարզապես աջակցել տեղի գիտական ներուժին, ցույց տալ ճանապարհը, որով հնարավոր է Հայաստանում ստեղծել ժամանակակից գերճշգրիտ տվյալների հետազոտական կենտրոններ: