Գաղտագողի ծրագիր չէ, ուսումնասիրություններից հետո հստակ որոշում է կայացվել միավորել Կամերային երաժշտական թատրոնը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ, ասում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը:
Արա Խզմալյանի խոսքով՝ ավելի քան տասը պետական երաժշտական կոլեկտիվ ապահովված չէ շենքով՝ Թաթուլ Ալթունյանի անվան համույթը, Պարի պետականը, «Բարեկամությունը», Ջազ բենդը, Կոմիտասի անվան կվարտետը և այլն:
Հենց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին էլ կհատկացնեն Կամերային երաժշտական թատրոնի շենքը: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն էլ հակադարձում է, թե իրենց շենքային պայմանները ոչ մի կերպ չի բավարարի սիմֆոնիկին:
Շենքը չի վաճառվի. պատասխանում է Արա Խզմալյանը, իսկ դերասաններին խնդրում է համեմատություններ չտանել Կամերային երաժշտական ու լուծարված Փոսի թատրոնների միջև:
Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն ունի ավելի քան 40 դերասան, Կամերային երաժշտականը՝ մոտ 30: Միավորման պարագայում Պարոնյանում այդքան ներկայացում կբեմադրվի՞ արդյոք, որ բոլորը զբաղված լինեն հարցին էլ փոխնախարարաը պատասխանում է՝ պետք է մտնել առողջ մրցակցային դաշտ, այլ ոչ թե հարմարվել ու դադարել ստեղծագործել:
Նախարարությունը Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական խմբին առաջարկում է աշխատել Պարոնյանի թատրոնում, որն ունի տեխնիկական մեծ հնարավորություններ:
Տարիներ առաջ թե դերասանները թե թատրոնի տարբեր ժամանակների ղեկավարներ դիմել են նախարարություն՝ խնդրելով անվանափոխել այն, քանի որ թատրոնը երաժշտական չէ՝ բեմադրվել են բազմաժանր մանկական ներկայացումներ՝ կոմեդիայից մինչև դրամա:
Թատրոնների կանոնադրությունները, ինչպես նաև տնօրենների իրավասությունների օրենսդրական կետերն անպայման կվերանայվեն, ասում է փոխնախարարը, ավելին, դեռ կներդրվի դերասանների արդյունավետության գնահատման մեխանիզմ:
Ստորագրահավաքներով հարցեր այլև չեն լուծվի, ասում է փոխնախարարը, իսկ կոլեկտիվի պայքարի մեջ էլ վատ բան չի տեսնում, միայն թե հորդորում է չմոռանալ, որ իրենք մշակույթի գործիչներ են:
Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան