Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է «Նավասարդ ագրո» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքումյանին։
Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, քննարկվել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագրի իրականացմանը վերաբերվող հարցեր։
Նախագահ Հարությունյանը ողջունել է «Նավասարդ ագրո» ընկերության, ԱՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունների և Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ Մաճկալաշենում նախագծի հաջողությունը հնարավորություն կտա ընդլայնել այն, ընդգրկել նոր բնակավայրեր և նպաստել գյուղատնտեսական արդյունքի ստեղծմանը, գյուղացիների զբաղվածության և եկամուտի խնդրի լուծմանը, ինչպես նաև պետություն – մասնավոր հատված-համայնք համագործակցության մշակույթի կայացմանը:
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունն ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ ագրո» ընկերությունը: Ծրագրի շնորհիվ լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120000-150000 դրամ եկամուտ:
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ծրագրի բարեհաջող ընթացքի հիմնական շահառուն, ինչ-որ իմաստով՝ նաև պատասխանատուն, սահմանամերձ համայնքի բնակիչն է, ում սոցիալական վիճակի շարունակական բարելավումը հանդիսանում է Արցախի իշխանությունների գերխնդիրը։