Եվս մի քանի միացում, ու Էդմոնդի բիոնիկ պրոթեզն արդեն պատրաստ կլինի շահագործման: Առայժմ այս մեկն է որպես ձեռք ծառայում, որով ընդամենը մի երկու շարժում է հնարավոր անել: 44-օրյա պատերազմին որպես կամավոր մասնակցած տղայի ժպիտը ձեռքը կորցնելուց հետո էլ չի անհետացել: Հումորն էլ անսպառ է ու վարակիչ: Հարցին, թե պրոթեզի վրա ինչու է սանտավիկ ամրացրել, պատասխանում է՝ ձեռքս վնասել եմ:
Իսկ փողոցում հաճախ հանդիպող խղճահարության ու զարմանքի հայացքներից խուսափելու համար ահա այսպիսի դաջվածք է կրում՝ «չակերտավոր դաջվածք»: Ասում է՝ 48 հատ էլ տարբեր տեսակի նորերն է պատվիրել, շուտով Հայաստան կհասնեն: Մինչև դաջվածքները Էդմոնդին հասնեն, նոր պրոթեզներն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում են: Զինվորի տանը հերթով տեղադրում, հարմարեցնում են պատերազմի ժամանակ մեկ ձեռքը կորցրած 18 և երկու ձեռքն ամպուտացված 2 տղայի պրոթեզ:
Ռուսաստանից հատուկ այս գործի համար ժամանած մասնագետ Գորբանը Էդմոնդին օգնում է առաջին անգամ փորձարկել իր նոր՝ վերին վերջույթը:
Մատների շարժումներով արդեն կարողանում է ցույց տալ, թե որքան հարմարավետ է նոր՝ բիոնիկ պրոթեզը: Այն կիրառման հատուկ մեթոդ ունի: Մինչև պրոթեզների Հայաստան հասնելը, տղաները դրանց օգտագործման դասեր են անցել, մարզվել են, մկաններ ամրացրել: Գիտեն, թե, օրինակ՝ մկանի քանի կծկումով կարող են դիմացինին ձեռքով բարևել: Բիոնիկ պրոթեզը 36 գործողության հնարավորություն ունի: 18 ֆունկցիան հենց պրոթեզի վրա է, մնացածը կարգավորվում է հատուկ ծրագրի օգնությամբ:
Վիկտոր Գորբան (պրոթեզավորող, Ռուսաստան) - Մենք այստեղ տեղադրում ենք գործողությունները, որոնցից նա ամեն օր է օգտվելու, հետագայում ինքը այ ֆոն կունենա՝ հատուկ ծրագրով, և ինքը կընտրի, թե որ ֆունկցիաներն ակտիվացնել:
Դեռ մինչև պատերազմն էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը՝ Նիդերլանդների համահայկական հիմնադրամի հետ պրոթեզարանի ստեղծում նախաձեռնել: Պատերազմից հետո էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն է այս գործին միացել: Եվ առաջին հերթին պրոթեզարանի լաբորատորիան է հիմնվել:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն) - Պատերազմի ավարտից անմիջապես հետո հիմնադրամը որոշեց, որ իր կարևոր առաջնահերթություններից մեկը լինելու է պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների հետ կապված տարբեր ծրագրեր իրականացնելը:
80-100 զինվորի ոտքի պրոթեզավորմանն է աջակցել հիմնադրամը, այս պահին էլ՝ ձեռքերի: Միայն 20 երիտասարդի ձեռքի պրոթեզի համար 1 մլն եվրո է հատկացվել:
Էդմոնդի նոր պրոթեզը մասնագետները դեռ չեն տալու: Ասում են՝ մի քանի օր ևս դասընթացներ կանցնես՝ նոր:
Նոր պրոթեզի տեղադրումից տղայի տրամադրությունն այնքան էր բարձրացել, որ փորձարկում էր թույլատրելի և անթույլատրելի բոլոր շարժումները: Կատակը՝ կատակ, բայց կա մի բան, ինչի համար նա շատ էր սպասում այս պրոթեզին, պարզապես մի քիչ համբերություն ու մարզումներ են անհրաժշտ:
Էդմոնդ Հովակիմյան - Եթե անկեղծ՝ դաշնամուր եմ ուզում նվագել: Ինձ թվում ա՝ կստացվի:
Եվ, այնուամենայնիվ, Էդմոնդը փորձում էր ֆիզիոթերապիստին համոզել, որ հենց այսօր կենտրոնից նոր պրոթեզով դուրս գա: