Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին կմեկնեն Վրաստան: Նրանք կմասնակցեն Բաթումի միջազգային համաժողովին: Շառլ Միշելը առանձնազրույց կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ապա կլինի ընդլայնված հանդիպում մյուս նախագահների մասնակցությամբ: Այցին ընդառաջ Վրաստանի լրագրողները խոստացել են աննախադեպ բողոքի ակցիա կազմակերպել այսօր: Եվրախորհրդի նախագահի հարավկովկասյան առաջին կանգառը Երևանն էր:
***
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Նա վարակված է եղել կորոնավիրուսի «ալֆա» բրիտանական շտամով և վերջին օրերին միացած է եղել արհեստական շնչառության սարքին: Եվս մեկ նորածին վարակված է կորոնավիրուսի «դելտա» հնդկական շտամով: Կորոնավարակը հասել է նաև Տոկիոյի օլիմպիական ավան: Այնտեղ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակակիրն օլիմպիական խաղերի կազմակերպիչներից է, նրա քաղաքացիությունը չի նշվում:
***
Կորոնավիրուսային խիստ սահմանափակումների պայմաններում այսօր Սաուդյան Արաբիայում մեկնարկում է մահմեդականների սրբազան ուխտագնացությունը՝ հաջը, դեպի սրբավայրեր՝ Մեքքա և Մեդինա: Այն կտևի մինչև հուլիսի 22-ը: Արդեն երկրորդ տարին է, ինչ ուխտագնացությանը չեն կարողանա մասնակցել այլ երկրների բնակիչներ: Նախատեսվում է, որ հաջին կմասնակցի Սաուդյան Արաբիայի 18-65 տարեկան մոտ 60 հազար բնակիչ, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումները: Նախքան կորոնավիրուսի համավարակը հաջին մասնակցում էին միլիոնավոր մահմեդականներ ամբողջ աշխարհից:
***
Գերմանիայի արևմտյան շրջաններում ավերիչ հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի: 1000-ից ավելի մարդ անհետ կորած է, դա ենթադրում է, որ զոհերի թիվը կարող է մեծանալ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանական ուղղաթիռներ: Բազմաթիվ շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Ջրհեղեղը 20 մարդու մահվան պատճառ է դարձել Բելգիայում: Նիդեռլանդներում մարդկանց տարհանում են:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հուլիսի 26-ին Վաշինգտոնում կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազըմի հետ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի խոսքով՝ Իրաքի վարչապետի այցը նպատակ ունի ընդգծելու այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործակցության կարևորությունը: Բայդենն ու ալ-Կազըմը քննարկելու են քաղաքական, տնտեսական, անվտանգային հարցերով համագործակցության ամրապնդման հարցեր, անդրադառնալու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ վերջնական հաղթանակ տանելու նպատակով համատեղ ջանքերի կիրառմանը: