Հունաստանի արտգործնախարարին ուղղված նամակում Հայ դատի գրասենյակը դժգոհություն է հայտնել Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսի՝ Արցախի գրավյալ տարածքներ, այդ թվում՝ Շուշի այցի կապակցությամբ: Հայ համայնքի նախաձեռնությունը մեծ աջակցություն և լայն տարածում է գտել Հունաստանի տարբեր համայնքներում և սոցիալական ցանցերում: Հունաստանի նախկին արտգործնախարար Նիկոս Կոտսիասը մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ և հույն դեսպանի գործողություններն անվանել ամոթալի: Նիդեռլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան էլ բացատրություն է պահանջել Նիդեռլանդների արտգործնախարարությունից` Բաքվում Նիդեռլանդների դեսպանի՝ Շուշի կատարած քարոզչական ուղևորության վերաբերյալ:
*****
Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցել է Կիպրոսի թուրքական հատված՝ մասնակցելու Թուրքիայի զորքերի ափհանման 47-րդ տարեդարձի միջոցառումներին։ 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական զորքերը ներխուժել են Կիպրոս` թուրք բնակչության անվտանգությունն ապահովելու պատրվակով։
Ադրբեջանի պատվիրակությանը երեկ ընդունել է, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության վարչապետ Էրսան Սաները։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժոովի ղեկավար Սամեդ Սոեյիդովն ասել է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պետք է միասին լինեն, որովհետև դա իրենց հողն է: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել էր, որ հուլիսի 20-ին Հյուսիսային Կիպրոսում հանդես է գալու կարևոր ուղերձով։
*****
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին կմեկնեն Վրաստան: Նրանք կմասնակցեն Բաթումի միջազգային համաժողովին: Շառլ Միշելն առանձնազրույց կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ապա կլինի ընդլայնված հանդիպում մյուս նախագահների մասնակցությամբ: Այցին ընդառաջ Վրաստանի լրագրողներն այսօր մասշտաբային բողոքի ակցիա են կազմակերպել՝ վարչապետի հրաժարականի պահանջով: Եվրախորհրդի նախագահի հարավկովկասյան առաջին կանգառը Երևանն էր:
*****
Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Նա վարակված է եղել կորոնավիրուսի «Ալֆա» բրիտանական շտամով և վերջին օրերին միացած է եղել արհեստական շնչառության սարքին: Եվս մեկ նորածին վարակված է կորոնավիրուսի «Դելտա» հնդկական շտամով: Կորոնավարակը հասել է նաև Տոկիոյի Օլիմպիական ավան: Այնտեղ նույնպես հայնտաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակակիրն Օլիմպիական խաղերի կազմակերպիչներից է, նրա քաղաքացիությունը չի նշվում:
*****
Կորոնավիրուսային խիստ սահմանափակումների պայմաններում այսօր Սաուդյան Արաբիայում մեկնարկում է մահմեդականների սրբազան ուխտագնացությունը՝ հաջը դեպի սրբավայրեր՝ Մեքքա և Մեդինա: Այն կտևի մինչև հուլիսի 22-ը: Արդեն երկրորդ տարին է, ինչ ուխտագնացությանը չեն կարողանա մասնակցել այլ երկրների բնակիչները: Նախատեսվում է, որ հաջին կմասնակցի Սաուդյան Արաբիայի 18-65 տարեկան մոտ 60 հազար բնակիչ, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստումները: Նախքան կորոնավիրուսի համավարակը՝ հաջին մասնակցում էին միլիոնավոր մահմեդականներ ամբողջ աշխարհից:
*****
Գերմանիայի արևմտյան շրջաններում ավերիչ հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի: 1000-ից ավելի մարդ անհետ կորած է: Դա ենթադրում է, որ զոհերի թիվը կարող է մեծանալ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանական ուղղաթիռներ: Բազմաթիվ շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Ջրհեղեղը 20 մարդու մահվան պատճառ է դարձել Բելգիայում: Նիդեռլանդներում մարդկանց տարհանում են: