Հայաստանի և Եվրոպական միության շփումները երբևէ այսքան ինտենսիվ չեն եղել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ժամանակ:
«Հայաստանի և Եվրոպական միության շփումները երբևէ այսքան ինտենսիվ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին: Ինչպես միշտ, կայացած քննարկումների առանցքում էին մեր ներկա և ապագա ծրագրերը: Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվեց համատեղ ծրագրերի հաջող իրագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման կարևորությունը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ անդրադարձել են նաև 2020 թվականի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, այդ թվում՝ նոր տիպի կորոնավիրուսին և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին ու դրա հետևանքներին: