ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ժամանակ, որպես առաջնահերթ գերակայություն, կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների վերադարձը:
«Կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ադրբեջանն այս գործընթացը ևս խոչընդոտում է: