Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիքի համար: Գործը վարող Քննչական խմբի ղեկավարի ձեռքին նյութերի թղթապանակն է, որի հիմքով ձերբակալվել է ՏԻՄ պաշտոնյան:
Արգիշտի Քոթանջյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Հաշվի առնելով, որ Արթուր Սարգսյանը «Հայաստան» դաշինքի կողմից թեկնածու է, օրենքի սահմանված ընթացակարգերով նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատախազություն, որն էլ, իր հերթին, միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է հանձնաժողովի կողմից:
2016-ի դեկտեմբերին Սիսիանի երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի տեղադրման համար մրցույթ է հայտարարվել: Հայտ է ներկայացրել Արտաշատ ԷՑՇ ընկերությունը՝ առաջարկելով 10 միլիոն 230 հազար դրամ: Մեկ այլ՝ «Գոռպլաստ» ընկերությունը նույն աշխատանքի համար առաջարկել է 6.598.950 դրամ: Նախաքննական մարմնի տվյալով՝ Սիսիանի քաղաքապետը, հասկանալով, որ հաղթելու է իր հետ կապ չունեցող, «Գոռպլաստ» ընկերությունը, հանձնարարել է մրցութային հանձնաժողովի անդամներին ապօրինի ցանկացած հիմքով մերժել հայտը:
Արգիշտի Քոթանջյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Հաղթող է ճանաչվել իրեն փոխկապակցված «Արտաշատ ԷՑՇ» ՍՊ ընկերությունը, որն էլ նույն օրը հանձնել է համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հարազատ եղբորը պատկանող՝ Ավետ Սարգսյանին պատկանող «Հիդրո» ՍՊ ընկերությանը: Պայմանագիրը կնքելուց հետո երկու օր անց դեկտեմբերի 29 կազմվել է աշխատանքների կատարման մասին ակտ:
Քննիչի խոսքով՝ աշխատանքները փաստացի իրականացվել են ավելի ուշ: Համայնքին պատճառվել է 3.631.050 դրամի վնաս: Ըստ գործի նյութերի՝ ձևական գնման գործընթաց կազմակերպելու նպատակով ստեղծվել է մրցութային հանձնաժողով:
Արգիշտի Քոթանջյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Գործի առանձնահատկությունն այն է, որ կանխաորոշված է եղել, որ համայնքի ղեկավարի եղբորը պատկանող «Հիդրո» կազմակերպության կողմից են այդ աշխատանքներն իրականացվելու, պարզապես աչքի չընկնելու համար եղբայրը չմասնակցի մրցույթին, մասնակցում է իրենց հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող «Արտաշատ ԷՑՀ»-ն:
Փաստաբան Էմին Խաչատրյանը Սիսիանի համայնքապետի ձերբակալությունը համարում է ոչ իրավաչափ: Արթուր Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Էմին Խաչատրյան (Արթուր Սարգսյանի փաստաբանը) - Նպատակը զավեշտ է առաջացնում: Նպատակադրել են, անձին հանցագործություն կատարելուց հետո փախուստ կանխել, սակայն մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ արարքի համար: Արդեն երևում է, որ գործընթացներն այնքան էլ իրավաչափ չեն: Ինչ քայլեր պետք են՝ արել ենք, առարկությունները՝ ներկայացրել:
Վարույթ իրականացնող մարմինը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան: Փաստաբանի խոսքով՝ վիճարկում են Սարգսյանի ձերբակալման իրավաչափությունը: Նշված հեդվածներով Հայաստանի օրենսդրությունը սահմանում է առավելագույնը 6 տարի ազատազրկում: