Իր կյանքի ամենամեծ սպասումով է այսօր Անահիտը Կոտայքից Երևան հասել: Պտղաբերության կենտրոն է մտել շունչը պահած: Իր 19-ամյա Արամին 44-օրյա պատերազմի ժամանակ կորցնելուց հետո կյանքի ամենամեծ երազանքը հիմա նորից Արամ ունենալն է:
Անահիտ Պողոսյան - Վերածնունդ, նորից տեսնեմ, նորից գրկեմ, նորից իրան կանչեմ, իրա անունը նորից տամ:
Դուստր ունեն, ամուսնացած է, ասում է՝ շուտով թոռներ էլ կունենանք, բայց ուզում են որդի ունենալ, որին կրկին Արամ կկոչեն:
2021-ի փետրվարից կառավարության որոշմամբ օժանդակ վերարտադրողական միջոցներից պետպատվերով կարող են օգտվել նաև պատերազմի հետևանքով որդի կորցրած ծնողները: Մինչև այդ էլ անպտղության բուժում, արհեստական բեղմնավորում, սերմնավորում կատարվում էր որդեկորույս բոլոր այն ծնողներին, ովքեր դիմում էին, բայց դա բացառության կարգով էր:
Նունե Փաշայան (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ) - Քանի որ դիմումները սկսեցին ավելանալ, մենք հասկացանք, որ արդեն բացառություններ անելով չենք կարող շարունակել, և այս ամենին պետք է տրվի օրենսդրական լուծում:
Շահառուների այս խմբի համար վերացվել են բոլոր նախապայմանները, որոնք գործում էին մնացած խմբերի համար: Չկա տարիքային սահմանափակում, զագսում գրանցված լինելու պայման, ոչ էլ պարտադիր է, որ այլ երեխա չունենան:
Էդուարդ Համբարձումյան (Պտղաբերության կենտրոնի տնօրեն) - Մի քանի տասնյակ զույգեր մեզ արդեն դիմել են այս խնդրով, մենք ամեն ինչ փորձում ենք անել՝ նախարարության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական հարցերը լուծել, զավակ ունենան:
Նախքան արտամարմնային բեղմնավորումը երբեմն ամիսներ են պետք՝ տարատեսակ հետազոտությունների, բուժման համար: Հետո նոր միայն գործի են դրվում վերարտադրողականության օժանդակ մեթոդները:
Էդուարդ Համբարձումյան - Ընդամենը 6-7 զույգի ենք սկսել, որից երկուսի դեպքում արդեն հաջողություն ունենք:
Հունիսի 28-ից ուժի մեջ են մտել նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխությունները: Դրանք հատկապես շահավետ են որդի կորցրած ծնողների դեպքում: Որքան տարիքը բարձր է, այնքան ռիսկերը մեծ են, իսկ նոր օրենքն այլևս չի արգելում դոնորական սաղմով կենսաբանական ծնող դառնալ:
Էդուարդ Համբարձումյան - 44 տարեկանից բարձր նույնիսկ պտղաբերության կենտրոնները չեն ընդունում, որովհետև առկա են ինչպես արտամարմնային բեղմնավորման հետ կապված, այնպես էլ հղիության: Հիմա մինիստրությունը հնարավորություն է ձեռք բերել այս զույգերով զբաղվել:
Նոր օրենքը չի արգելում նաև՝ եթե մի զույգի արհեստական բողմնավորումից շատ սաղմեր են ստացվել, դրանք նվիրաբերել այլ զույգերի:
Նունե Փաշայան - Ծնելիության բարձրացումը մեր օրվա հրամայականն է և ռազմավարական խնդիրը:
2021-ին պետական բյուջեից ծնելիության խթանման այս ծրագրին հատկացվել է 3 անգամ ավելի գումար, քան 2020-ին՝ 900 մլն դրամ: Ծրագրի գործարկումից՝ 2019-ի հոկտեմբերից մինչև օրս պետական պատվերով, վերարտադրողական օժանդակ միջոցներով ծնվել է 89 երեխա:
Նունե Փաշայան - 2020 թվականին, ինչպես հիշում եք, համավարակով պայմանավորված՝ այս ծառայությունները ժամանակավորապես դադարեցվել էին, քանի որ պլանային ծառայություն էին հանդիսանում: Նաև շատ կանանց ցանկությամբ կատարվեց արհեստական բեղմնավորոււմ, բայց էս սաղմիկները սառեցվեցին, որովհետև կանայք վախենում էին, որ արգանդի խոռոչ ներդնեն ու համավարակով պայմանավորված խնդիրներ լինեն:
Այդ բոլոր սաղմերը հիմա են տեղավորվում մայրերի մարմիններ և, մասնագետների հաշվարկով, 2021-ի վերջին, 2022-ին ծնելիության աճ կգրանցվի: Սիրանույշն արդեն լսեց բաղձալի նախադասությունը. «Դուք հղի եք»:
7 շաբաթական հղիություն է: Բաբախող սրտի ամեն զարկով նրա աչքերում կյաքն էր արթնացնում: Ասում է՝ 24-ամյա որդու կորստից հետո այս երեխայի ծնունդո՛վ են ինքն ու ամուսինը արդարացնելու իրենց ապրելը:
Սիրանույշ Նալբանդյան - Ցանկություն ունեմ իրեն կրկին աշխարհ բերել: Գիտեմ, որ ուրիշ մարդ է լինելու, բայց ես ինքս ինձ հույս եմ տալիս, որ ես նորից իմ որդուն վերածնում եմ:
Սեռը դեռ հայտնի չէ, բայց շատ-շատ են ուզում, որ տղա լինի, Հայկի անունը տանը կրկին պիտի հնչի: