Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է «ՏՈԿԻՈ–2020»՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության հավաքականում ընդգրկված շիրակցի մարզիկներին։ Հայաստանը կներկայացնեն 17 մարզիկներ, նրանցից 3-ը Շիրակի մարզից են՝ հունահռոմեական ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
«Ես հպարտությամբ եմ ձեզ ընդունում, քանզի գիտեմ, որ մարզական հարուստ ավանդույթներով Շիրակի մարզը ներկայացնող մեր մարզիկները միշտ աչքի են ընկել տարբեր մրցույթներում։ Հիմա էլ վստահ ենք, որ հանդես կգաք մեծ պատասխանատվությամբ և առավելագույն ջանքեր կներդնեք մեր եռագույնը Տոկիոյում ծածանելու համար։ Մեր երկրին, մեր մարզին այնքան պետք է ձեր հաղթանակը, որին որևէ մեկս չենք կասկածում»։
Հովհաննես Հարությունյանը բարի ճանապարհ ու հաջողություններ է մաղթել մարզիկներին՝ վստահություն հայտնելով, որ նրանց կդիմավորի արդեն նոր մեդալներով։
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար, մենք շատ ենք գնահատում ձեր անմիջականությունն ու հոգատարությունը։ Վստահեցնում եմ՝ ամեն ինչ անելու ենք, որ հաղթական ելույթներով հանդես գանք»,- նշել է օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։
«Ձեր ընդունելությունն ու վերաբերմունքը մեզ ոգևորում է, կաշխատենք ամեն ինչ անել հաղթանակով տուն դառնալու և մեր դրոշը հաղթական բարձրացնելու համար»,- վստահեցրել է Եվրոպական մարզական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Կարապետ Չալյանը։
Ընդհանուր առմամբ ամառային օլիմպիական խաղերում Շիրակի մարզը ունեցել է 49 ներկայացուցիչ, որոնք նվաճել են 12 մեդալ՝ 5 ոսկի, 4 արծաթ և 3 բրոնզ։
«ՏՈԿԻՈ–2020»-ը՝ 32-րդ ամառային օլիմպիական խաղերիը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։